ԱՄՆ-ը չի պատրաստվում Սիրիա ռազմական ներխուժման. Պետդեպարտամենտ
ԱՄՆ չի պատրաստվում Սիրիա ռազմական ներխուժում կազմակերպել, այլ միայն ոչ ռազմական աջակցություն է տրամադրում այդ երկրի ընդդիմությանը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ այդ հարցին (Սիրիայի հակամարտությանը մասնակցելու -Tert.am) նայում ենք միայն ԱՄՆ-ի կողմից սիրիական ընդդիմության աջակցելու տեսանկյունից»,- ասել է նա ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ հոկտեմբերի 2-ին Արևմտյան երկրներին ուղղված հայտարարությանը, որով կոչ էր արվում զերծ մնալ Սիրիայում ռազմական միջամտությունից:
Մենք միայն իրականացնում ենք ոչ ռազմական աջակցություն, ուսուցում, և օգնում այն սիրիացիներին, որոնք փորձում են վերականգնել երկրի այն հատվածների կառավարումը, որոնք ազատագրվել են վարչակարգի ազդեցությունից»,- ավելացրել է Նուլանդը:
Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: Դրա հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 20 հազար մարդ է զոհվել:










