Դենվերում կկայանա Օբամա-Ռոմնի առաջին բանավեճը
Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում այսօր կանցկացվի նախագահի թեկնածուներ՝ դեմոկրատ Բարաք Օբամայի ու հանրապետական Միթ Ռոմնիի առաջին բանավեճը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Մինչ ընտրությունները՝ նոյեմբերի 6-ը, նախատեսված է թեկնածուների 3 բանավեճ։ Մեկ ու կես ժամ տևող առաջին բանավեճը նվիրված կլինի ներքաղաքական խնդիրներին։ Այն կվարի PBS-ի լրագրող Ջիմ Լերերը։
Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրեն բոլոր հիմնական լրատվական հեռուստաալիքները, կայքէջերը, նաև՝ YouTube-ը։
Դրանց ընթացքը հեռուստաալիքների ուղիղ եթերում կմեկնաբանեն հայտնի ամերիկյան քաղաքական ու հասարակական գործիչներ, այդ թվում՝ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորն ո Օբամայի նախկին մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը։
Այս նախընտրական քարոզարշավի առանցքային թեման երկրի տնտեսական վիճակն է։










