Միշել Օբաման և Էնն Ռոմնին պատմել են, թե ինչպես են օգնում իրենց ամուսիններին բանավեճից առաջ
ԱՄՆ Դենվեր քաղաքում այսօր կայանալիք նախագահի թեկնածուների՝ դեմոկրատ Բարաք Օբամայի և հանրապետական Միթ Ռոմնիի առաջին բանավեճից առաջ, Առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ փորձում է թաքցնել իր անհանգստությունը, իսկ Էնն Ռոմնին հայտնել է, որ ամուսնու հետ լուռ մենախոսում է, գրում է obozrevatel.com-ը։
«Ես նման եմ այն ծնողներին, ովքեր նայում են մարմնամարզության ձողի առջև կանգնած իրենց երեխային»,- ասել է Միշել Օբաման։ Նա խոստովանել է, որ բանավեճերից առաջ սովորաբար խուսափում է խորհուրդներ տալ։
«Նրան շատ խորհուրդներ պետք չեն։ Նա հրաշալի է վարում բանավեճերը, այդ իսկ պատճառով ես նրան խորհուրդ եմ տալիս միայն բավականություն ստանալ և հանգստանալ» ,- նշել է Առաջին տիկինը։
Էնն Ռոմնին նույնպես պատմել է, թե ինչպես է իր ամուսինը պատրաստվում բանավեճերին։ «Երբ նա բեմ է բարձրանում, հանում է ժամացույցը և դնում ամբիոնի վրա, հետո թղթի վրա գրում է «հայր»»,- պատմել է նա՝ պարզաբանելով, որ Միչիգանի նախկին նահանգապետ Ջորջ Ռոմնին իր որդու կյանքում ամենակարևոր մարդկանցից մեկն է եղել։
«Հետո նա դահլիճում հայացքով փնտրում է ինձ և գրեթե յուրաքանչյուր պատասխանից հետո աչքերով հարցնում է, թե արդյոք լավ էր», -պատմել է Էնն Ռոմնին։
Մինչ նախագահական ընտրությունները՝ նոյեմբերի 6-ը, ԱՄՆ նախագահի թեկնածուների միջև կանցկացվի 3 բանավեճ։










