ԵԽԽՎ-ն տվել է «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երկար քննարկումներից հետո տվել է «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը և խնդրել Եվրոպայի խորհրդի երկրներին այսուհետ այն կիրառել իրավաբանական ձևակերպումներում, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Զեկույցի հեղինակ գերմանացի Քրիստոֆ Շտրեսսերը տեղեկացրել է, որ տերմինի մշակման վրա աշխատել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության անկախ փորձագետները։
«Քաղաքական բանտարկյալ պետք է համարել այն մարդուն, ում ազատությունից զրկելու ընթացքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքներից որևէ մեկը՝ մտքի, խղճի, դավանանքի, ազատ արտահայտման, տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև հավաքների և միությունների»,-ասված է զեկույցում։
Համաձայն զեկույցի՝ քաղաքական բանտարկյալ է նաև նա, ում ազատությունից զրկել են ակնհայտ քաղաքական պատճառներով՝ առանց որևէ իրավախախտման։
Վեհաժողովը կոչ է արել ԵԽ բոլոր պետություններին վերանայել բոլոր այն գործերը, որտեղ խոսվում է քաղաքական բանտարկյալների մասին և որոնք, հնարավոր է, համապատասխանում են հաստատված սահմանմանը։










