Հարգանքով եմ վերաբերվում ցանկացած կոռեկտ գնահատականի, բայց… Շարմազանովը՝ Քոչարյանի մեկնաբանության մասին
Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարգանքով է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած կարծիքին՝ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, նկատելով. «Ռոբերտ Քոչարյանը որպես պաշտոնաթող նախագահ իրավուքն ունի կարծիք հայտնելու: Դա յուրաքանչյուր քաղաքական գործչի և յուրաքանչյուր պաշտոնաթող նախագահի իրավունքն է »,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նաև նկատեց, թե ինքն առհասարակ հարգանքով է վերաբերվում ցանկացած քաղաքական ուժի հնչեցրած կոռեկտ գնահատականներին, բայց այս դեպքում կարծում է, որ գործ ունենք բացառապես իրավական խնդրի հետ. «Այստեղ քաղաքական հետապնդման մասին խոսելը տեղին չէ»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նրա անունից հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ. Ռոբերտ Քոչարյանն ԱԳ նախկին նախարարին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը որակվել է որպես խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք:










