ՄԱԿ–ը Թուրքիային կոչ է անում Սիրիայի հետ հարաբերություններում լարվածությունը չավելացնել
ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այսօր Անկարային կոչ է արել խուսափել Դամասկոսի հետ հարաբերությունների լարումից` Սիրիայի տարածքից արձակված ականի Թուրքիայի տարածքում պայթելու և դրա հետևանքով 5 մարդու զոհվելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Այսօր Թուրքիայի Շանլըուրֆա շրջանի Ակչաքալե բնակավայրում սիրիական կողմից արձակված արկը պայթել էր և սպանել 5 և վիրավորվել 13 մարդու։
«Բան Կի Մունը Թուրքիայի արտգործնախարարին կոչ է արել բաց պահել Սիրիայի հետ հաղորդակցության բոլոր ուղիները, որ նվազեցվի լարվածությունը, որը կարող է առաջանալ միջադեպի հետևանքով», - հայտարարել է ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութողլուն ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախսազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր երկրի համբերությունը «հատել» է, իսկ սիրիական հակամարտությունը Թուրքիայի համար ուղղակի վտանգի է վերածվել:
Բացի այդ, ԶԼՄ-ների հաղորդմամբ, թուրքական ԱԳՆ-ում կայացած արտակարգ հանդիպման ժամանակ գործողությունների զանազան տարբերակներ են քննարկվել, այդ թվում և Սիրիայի սահմանին ժամանակավոր անվտանգության գոտու ստեղծման սցենարը:
Հիշեցնենք, որ նախորդ համանման միջադեպից հետո, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրք-սիրիական սահմանին ահաբեկչության կամ այլ վտանգի դեպքում իրենք պատրաստ են դիմել ցանկացած քայլի:










