Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի անդրանիկ ցուցադրություն՝ Բոսթոնում (տեսանյութ)

11:59 • 03.10.12

Բոսթոնում տեղի կունենա Ռենդի Բելի և Էրիկ Վ. Հաչիկյանի «Ուղևորություն Ամասիա» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, հայտնում է Armenian Weekly-ն:

 

Ցուցադրությունը նախատեսված է հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, Բոսթոնի Բելմոնթ արվարձանի Studio Cinema-ում:

 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է անցած դեկտեմբերին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ցուցադրվել է նաև Երևանում՝ «Ոսկե ծիրան 2012» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

 

Ֆիլմն արձանագրում է կոմպոզիտոր Էրիկ Հաչիկյանի վերադարձը նախնիների հող՝ Ամասիա (Թուրքիա)՝ Հայոց ցեղասպանությունից մոտ 100 տարի անց: Այն դիտարկում է ոչ միայն ռեժիսորի տատի՝ Հելեն Շուշանի անցած գաղթի ճամփան, այլև հայերի ու թուրքերի հարաբերությունները:

 

Էրիկ Հաչիկյանն ամերիկահայ կոմպոզիտոր է, ում երաժշտությունը New York Times-ն անվանել է «անուշ և յուրատիպ»: