Anonymous-ի անդամը մեղադրվում է FBI գործակալին սպառնալու մեջ
Ամերիկյան Տեխաս նահանգի դատախազությունը հայտարարել է հաքերական Anonymous խմբավորման անդամ Բարեթ Բրաունի նկատմամբ մեղադրանք ներկայացնելու մասին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։ Բրաունը, ով ձերբակալվել է սեպտեմբերին Դալաս քաղաքում, մեղադրվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակցին սպառնալու մեջ։
Սոցկայքերում տեղադրված տեսագրություններում Anonymous-ի անունից հանդես եկող Բրաունը ձերբակալվել էր սեպտեմբերի 12-ին, իր բնակարանում։ Նրա ձերբակալության պատճառներն անհայտ էին։
Հինգշաբթի դատախազության ներկայացուցիչները հրապարակել են Բրաունի նկատմամբ ներկայացված մեղադրանքների ցանկը՝ սպառնալիքներ, պետական ծառայողի անձնական տվյալների հրապարակման նպատակով դավադրություն, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակցից վրեժխնդիր լինելու փորձ։
Բրաունի ձերբակալությունից անմիջապես հետո Anonymous-ը հրապարակել էր 13 վարկային քարտերի համարներ, որոնք, հավանաբար, պատկանում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների։










