Երևանում մեկնարկեց Հայ-թուրքական 4-րդ գործարար համաժողովը
Երևանում այսօր մեկնարկեց Հայ-թուրքական 4-րդ գործարար կոնֆերանսը, որին ներկա էին շուրջ 50 թուրք գործարար:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի քանի տարվա քննարկումների արդյունքում Միությունը կարողացել է ձեռք բերել նոր կապեր թուրքական գործարարների հետ և փորձում է հաղթահարել ոչ պաշտոնական էմբարգոն:
«Փորձում ենք ապացուցել, թե որքան փոխշահավետ է առևտրի լեգալացումը, ներդրումային դաշտի իրավական ձևակերպումը մեր երկրների միջև»,– ասաց նա:
Արսեն Ղազարյանը նշեց, որ սա արդն 4-րդ բիզնես ֆորումն է, որին մասնակցում են հիմնականում Արևելյան Անատոլիայի կամ Արևմտյան Հայաստանի գործարարները:
«Նրանց համար կենսական է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը: Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերները մեզ հետ միասին շարունակում են այդ համոզմունքով առաջ գնալ և հավատալ, որ մի օր թուրքական իշխանությունները կհասկանան իրենց սեփական տնտեսական շահերի գերակայությունը»,-ասաց նա։
Արսեն Ղազարյանը նաև հույս հայտնեց, որ մի օր Թուրքիան առանց նախապայմանների ցանկություն կհայտնի հարևանություն անել Հայաստանի հետ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը տեղեկացրեց, որ այսօր հայկական շուկայում իրականացվում է մոտ 150-200 մլն դոլարի Թուրքական ապրանքների շրջանառություն, իսկ Թուրքիայում հայկական ապրանքների շրջանառությունը կազմում է 10-20 մլն:
Վան քաղաքի երիտասարդ գործարարների կազմակերպության նախագահ Քադրի Սալազը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ փակ սահմանների պարագայում երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը կազդի արտաքին քաղաքականության վրա, և որոշ հարցերի նկատմամբ վերաբերմունքը կմեղմվի:
«Ներկայումս քաղաքական իրադրությունն այնպիսին է, որ թուրք գործարարները անզոր են որևէ բան ձեռնարկել: Մենք ամեն ինչ կանենք, որ հայ եղբայրների հետ առևտրական հարաբերություններ զարգանան»,– ասաց նա:
«Ցանկանում ենք Հայաստանի հետ առևտրական հարաբերությունները կազմակերպել այնպես, ինչպես դա անում ենք Արևմուտքի երկրների հետ»,- ավելացրեց Քադրի Սալազը ։
Քրդական «Հայանիզ» կազմակերպության ներկայացուցիչ Սաիթ Բիներն իր հերթին ասաց, որ իրենք Հայաստան են եկել ոչ թե որպես Թուրքիայի, այլ թուրք ժողովրդի ներկայացուցիչ:
«Մենք գտնում ենք ոչ մի տարբերություն չկա հայի, թուրքի, քուրդի միջև: Փորձելու ենք նպաստել նրան, որ իշխանությունները, տեսնելով մեր հարաբերությունները, սկսեն մտածել սահմանների բացման մասին»,- ասաց նա:
Հայ-թուրքական 4-րդ գործարար համաժողովը կտևի երկու օր:










