Սիրիահայությանը բավականին բարդ ճակատագիր է սպասվում. Արտակ Շաքարյան
Թուրքագետ Արտակ Շաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ սիրիահայության վիճակը բարդ է և նրանց բավականին բարդ ճակատագիր է սպասվում:
Արտակ Շաքարյանն ասաց, որը իր կարծիքը հիմնված է Սիրիայում վերջին օրերին զարգացող իրադարձությունների վրա:
«Նրանք ճիշտ են անում, որ չեզոքություն են պապանում: Մենք տեսել ենք, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հայությունը, չեզոքություն պահպանելով, այսօր մեծ հարգանքի է արժանացել»,– ասաց նա:
«Սակայն հոգու խորքում սիրիահայությունը Ասադի կողմնակիցն է, քանի որ նա ավելի բարի էր սիրիահայության հանդեպ, ավելի մեղմ էր: Նրանք համոզված են, որ արմատական սուննիները, իշխանության գալով, նրանց նկատմամբ խիստ կլինեն»,-ավելացրեց թուրքագետը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում կառավարական զորքերի և զինյալ ընդդիմադիրների բախման ընթացքում արձակված արկը հասել էր Թուրքիայի տարածք, ինչի հետևանքով սահմանամերձ Աքչաքալե բնակավայրում 5 թուրք էր զոհվել։ Սիրիական կողմը ցավակցել էր զոհվածների հարազատներին՝ խոստանալով հետաքննել միջադեպը։
Սահմանային հետագա միջադեպերը կանխելու համար Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը մեկ տարվա լիազորագիր էր տվել, համաձայն որի, թուրքական բանակը հնարավոր սպառնալիքի դեպքում կարող է ներխուժել Սիրիա և ռազմական հարված հասցնել երկրի ներսում։
Արտակ Շաքարյանը նաև նշեց, որ այսօր դժվար է հաշվարկել, թե Թուրքիայի կողմից Սիրիա հնարավոր ներխուժման դեպքում ինչ կլինի։ Սակայն, ըստ նրա, պարզ է, որ եթե թուրքական զորքը մտնի Հալեպ, ապա կրկին տեսնելով թուրք զինվորին, Ցեղասպանության վերապրումները , գոնե հոգեբանական առումով, մեծ հարված կհասցնեն սիրիահայությանը։
Թուրքագետն այնուհետ նշեց, որ կան վերլուծություններ այն մասին, որ սիրիահայությունը Թուրքիայի հետ կկարողանա գտնել համագործակցության եզրեր, քանի որ Թուրքիային անհրաժեշտ կլինեն կայունության հիմքեր, իսկ հայությունը Սիրիայում միշտ եղել է կայունության խորհրդանիշ»,- ասաց նա:
Արտակ Շաքարյանը, այնուամենայնիվ, կանխորոշեց, որ ՆԱՏՕ-ի տոտալ ներխուժման դեպքում սիրիահայությանը սպասում է իրաքահայության ապագան՝ ևս մեկ փախուստ, ևս մեկ գաղթ:
«Ցավոք Հայաստանի Հանրապետությունն այդքան էլ պատրաստ չէ օգնել, սատարել, հարցերը լուծել սիրիահայության խնդիրները: Մենք այս ժամանակահատվածում չկարողացանք հստակ քայլ, մոտեցում որդեգրել այս հարցում: Մի մասը ասում է, պետք է մնան, որովհետև մեր գաղութը այնտեղ շատ էական է, մի մասը ասում է՝ պետք է փախցնել, որովհետև, ի վերջո, սպանվում են»,- ասաց թուրքագետը:










