Վրաստանի ՆԳՆ նախկին նախարարն ու իր եղբայրը փախել են Վրաստանից. ԶԼՄ-ներ

20:48 • 05.10.12

Վրաստանի ՆԳՆ նախկին նախարար Բաչո Ախալայան, ում ձերբակալությունն էին պահանջում Թբիլիսիի հազարավոր ցուցարարներ կապված բանտերում ազատազրկվածների հանդեպ կտտանքների հետ, և նրա եղբայրը` պաշտպանության փոխնախարար Դաթա Ախալայան, գիշերը լքել են երկիրը, հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը՝ հղում կատարելով վրացական «ԳուրիաՆյուզ» գործակալությունը:


Գործակալության տվյալներով, արտասահմանյան վիզաներով անձնագրերը Ախալայա եղբայրները ստացել են Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում, որտեղ նրանք գտնվել են վերջին մի քանի օրերին:


Վրաստանի ՊՆ այս հարցի կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություններ չի տրամադրում:

 

 

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ նախարար Բաչո Ախալայան հրաժարական էր տվել վրացական բանտերում բռնությունների բացահայտման դեպքերի կապակցությամբ:


Ընդդիմությունը Ախալայա եղբայրներին մեղադրում էր Թբիլիսիում բնակարաններ գնելու և դրանցում զինապահեստներ ստեղծելու մեջ, որոնք ընտրություններից առաջ պետք է իշխանությունների դեմ ուղղված ահաբեկչական օջախներ ծառայեին և դրանց բացահայտումով ընդդիմությունը պետ վարկաբեկվեր, իսկ իշխանական թևը հաղթական այդ ալիքի վրա շատ քվեներ հավաքեր: Սակայն «Գլդանի 8» բանտում տեղի ունեցած կտտանքների տեսագրություններով սկսված սկանդալը և ժողովրդական բողոքի ալիքը խախտեցին այդ ծրագրերը: