Մենք բեկում ենք մտցնելու առողջապահության ոլորտում. Դերենիկ Դումանյան
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, այսօր իր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ոլորտում բեկում կմտցվի։
«Մենք գիտենք, որ մարդիկ դժգոհ են բուժծառայությունների որակից, դժգոհ են մատուցվող ծավալից, որ պետպատվերը հասցեական չէ»,– ասաց նա՝ չժխտելով, որ նախկինում ևս այս ոլորտում իրականացվել են բարեփոխումներ ու կատարվել է աշխատանք։
Ի պատասխան հարցի, թե սթափվե՞լ են, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն էր խորհուրդ թվել իր հայտնի խորհրդակցության ժամանակ, Դերենիկ Դումանյանն արձանագրեց, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է բեկում մտցնել համակարգում, ինչն էլ անելու է Դերենիկ Դումանյանը, որպես նախարար, և նախարարության աշխատակազմը անելու են ուժերի ներածի չափով։
Իր պաշտոնավարման 100 օրվան նախորդող ժամանակահատվածը նախարարն անցկացրել է ուսումնասիրությունների մեջ՝ պարզելու, թե ինչից են դժգոհում բուժաշխատողները, ինչից՝ բնակչությունը։
Բուժհիմնարկների կողմից դեղերի գնումների հետ կապված խնդիրը, որը նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո հրատապություն ստացավ, նախարար Դումանյանին ամենաանհանգստացնող խնդիրներից մեկն է։
Ինչպես հայտնի է՝ Առողջապահության նախարարության համակարգում ընդգրկված բուժհաստատություններն ինքնուրույն են իրականացնում գնումները՝ իրենց բուժական կենտրոնների կարիքները հոգալու համար։
Եվ իրականացված ուսումնասիրությունները փաստել են, որ «ուսումնասիրության առարկա դարձած ԱՆ 134 բուժհիմնարկներից 109–ը ընդհանրապես գնումների մրցույթ չեն իրականացրել և դա մեխանիկորեն հանգեցրել է դեղերի գնի 50-100 տոկոսանոց աճի»։
«Վաթսունվեց տնօրեններ չեն իմացել, որ մրցույթով պետք է գնումներ իրականացնեն»,– ասաց Դերենիկ Դումանյանը և հավելեց, որ «նախարարությունն անելիքներ ունի նրանց կրթելու» ուղղությամբ։
Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, լուրջ խնդիր է դեղերի գների չհիմնավորված աճը։
Նախարարն արձանագրեց, որ չնայած կառավարության որոշմանը, որ թույլատրվի Հայաստան ներմուծել նաև երրորդ երկրների արտադրության դեղեր, այսինքն՝ շուկան ավելի ազատականացվի, չգրանցված, կասկածելի ծագման դեղերի մեր շուկայում հայտնվելուց բացի ոչինչ չի բերել, իսկ ամենակարևորը՝ հետապնդվող նպատակին՝ դեղերի գների իջեցմանը։
Եվ սա այն դեպքում, երբ նախարարի խոսքով՝ «միջազգային դեղարտադրողներից մոտ էական գնաճ չի գրանցվել»։
Հիսունհինգ դեղանուններից միայն 5–6–ի գներն են էականորեն նվազեցվել։ Այն էլ որոշակի խմբաքանակի նկատմամբ։
Դերենիկ Դումանյանն արձանագրեց, որ այստեղ կան նպաստող խնդիրներ, որոնք կապված, են դեղերի գրանցման և վերագրանցման հետ, ուստի, նրա գնահատմամբ, պետք է հեշտացնել դեղերի գրանցման ընթացակարգերը, որոնք այսօր տևում են վեց ամիս։ Այսինքն՝ սա ևս չի նպաստում դեղերի ներմուծման հեշտացմանը և, հետևաբար, գների իջեցմանը։
«Գիտենք, որ առկա է չգրանցված դեղերի շրջանառություն։ Սա ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ կողմ»,– ասաց նախարարն՝ ավելացնելով, թե օբյեկտիվ կողմերից մեկն այն է, որ խոշոր դեղարտադրող ընկերությունները, գրավիչ չհամարելով, հայաստանյան փոքր շուկան, չեն ցանկանում հինգ տարի հետո նորից վերագրանցվել, ինչը պահանջում է օրենքը, և դրա համար լրացուցիչ ժամանակ ու ֆինանսական միջոցներ ծախսել։
Դերենիկ Դումանյանը դժգոհ է նաև դեղերի որակի վերահսկողությունից և փաստում է, որ սահմանի վրա որակի վերահսկողություն անցնելուց մինչև սպառող ճանապարհին դեղորայքը նաև փչանում է, քանի որ մաքսային կոմիտեն չունի դեղերի պահպանության համար անհրաժեշտ պայմաններ, որոնք պահանջում են որոշակի ջերմաստիճանային պայմաններ ու լուսավորություն։
Հաջորդ խնդիրը պետության կողմից անվճար դեղորայքը պետպատվերում և հատուկ խմբերում ընդգրկված հիվանդներին հասցնելն է։
Նախարարը անհասկանալի, ավելի կոնկրետ՝ թյուրիմացություն համարեց, թե ինչպես է ստացվել, որ «Փարոս» համակարգում 36 միավոր ունեցող մարդկանց այդ ցուցակներից հանել են, այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար դեղորայքի տրամադրումը պայմանավորված չէ սոցիալական գործոնով։
Սրա համար պետությունը ստիպված է եղել կրկնակի վճարել, քանի որ «Փարոս» համակարգում ընդգրկված անապահով անձինք, չստանալով անվճար դեղորայքը, պառկել են ստացիոնար բուժման։










