Նովոսիբիրսկում Ջոբսին նվիրված հուշարձան կկանգնեցվի՝ սմարթֆոնների ցուցիչներով «զինված» խնձորենու տեսքով
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի տեխնոպարկի տարածքում նախատեսված է կանգնեցնել աշխարհահռչակ ամերիկյան Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին նվիրված արտասովոր մի հուշարձան, գրում է gazeta.ru-ն։
Հուշարձանն իրենից կներկայացնի մակինթոշ տեսակի իրական խնձորենի, որը կտնկվի 2 մետրանոց լուսավորված լամպի մեջ և «զինված» կլինի սմարթֆոնների հետ շփման համար նախատեսաված ցուցիչներով։
«Ի սկզբանե մենք դեմ էինք հենց Ջոբսի տեսքով հուշարձանի ստեղծմանը։ Իսկ խնձորենու տարբերակը հնարավորություն կտա հեռարձակել նրա հայտնի արտահայտությունները։ Այսինքն՝ դա կլինի ոչ թե սովորական հուշարձան, այլ սմարթֆոնների ինտերակտիվ հավելված։ Մարդը մոտենում է հուշարձանին, սեղմում կոճակն ու լսում Ջոբսի արտահայտությունները»,- նշել է նախաձեռնության հեղինակներից մեկը։
Հուշարձանի էսքիզները ներկայացվել են այսօր՝ Ջոբսի մահվան տարելիցի օրը։










