«Ժառանգության և «Ազատ դեմոկարտների» միջև լուրջ հակասություն չկա. Ռուբեն Հակոբյան

12:36 • 05.10.12

«Ժառանգություն» կուսակցության և «Ազատ դեմոկրատների» միջև լուրջ հակասություններ չկան. այս մասին այսօր Ազգային ժողովում հրավիրված ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ 


«Հիմնական հակասություններ չկան, բայց որոշակի բացատրություններ պետք է տրվեն»,– ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը չհերքեց, որ կուսակցության ղեկավարների միջև կան անձնական չլուծված հարցեր։


«Մեր հարաբերություններում, այո՛, հարցեր կան, որոնց պատասխաններն ամբողջական կլինեն, երբ Խաչիկ Քոքոբելյանը վերադառնա: Նա այժմ Հայաստանում չէ»,– ասաց նա:


Այնուհետ, «Ժառանգության» անդամը բացատրեց, թե ինչո՞ւ ԱԺ քառօրյայի քննարկումներին խմբակցությունից ներկա էին միայն ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը։


«Միայն ես և Ալեքսանդր Արզումանյան էինք, որովհետև Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ նիստին է մասնակցում, Խաչատուր Քոքոբելյանն արտասահմանում է։ Հայտնի է, որ Րաֆֆի Հովհանիսյանն իր պատգամավորական մանդատը չի վերցրել, իսկ մինչև հոկտեմբերի 10-ը կլուծվի Թևան Պողոսյանի կողմից մանդատը վերցնելու հարցը»,– ասած նա:


Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատները» հերքել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե նախնական պայմանավորվածություն է եղել իր և Խաչատուր Քոքոբելյանի միջև՝ հրաժարվել մանդատներից և տեղը զիջել երիտասարդներին:

Այս առնչությամբ, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ երկու անձանց միջև եղել են պայմանավորվածություններ, որոնք վարչությունում չեն քննարկվել: