Գյումրիի երբեմնի գեղատեսիլ «Չերքեզի ձորը» նույնպես ոչնչացման սպառնալիքի տակ է (տեսանյութ)

11:44 • 05.10.12

Ամեն տարի Գյումրիի քաղաքային մամուլն անդրադառնում է «Չերքեզի ձորի» պահպանության և այն քաղաքի բնակչության համար հանգստյան գոտու վերածելու խնդրին: Այս վայրի նկատմամբ Գյումրի քաղաքի իշխանությունների ցուցաբերած անտարբերությունից մտահոգ, «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներն իրենց տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում են, որ չնայած բարձրացված պահանջին, ինչպես միշտ, այս դեպքում ևս` ոչինչ չի փոխվում:

 

ՀԿ-ից տեղեկացնում են, որ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո «Չերքեզի ձորի» մի հատվածում կառուցվում է տնակային ավան, իսկ տարածքի զգալի հատվածը վերածվում աղբանոցի: Կտրատվում են բազմաթիվ ծառեր ու թփեր:

 

 

Կազմակերպության անդամները հիշեցնում են, որ կար ժամանակ, երբ «Չերքեզի ձորը» եղել է մի գեղատեսիլ վայր, որտեղից բխող սառնորակ աղբյուրների քաղցրահամ ջուրը՝ որպես խմելու ջուր մատակարարավել է Գյումրիի բնակչությանը:

 

Տեղեկացվում է, որ հիմա էլ կան հին ջրագծերը, որոնցով հոսող ջուրը հասնում է մինչև քաղաքային «Գորկա» կոչվող զբոսայգի, սակայն առանց օգտագործվելու թափվում կենտրոնական կոյուղի. «Եվ դա այն դեպքում, երբ քաղաքի կանաչ տարածություններն ու անգամ զբոսայգին խնամելու համար ոչ ջուր կա և ոչ էլ ջրագիծ»:

 

Մինչդեռ, քաղաքային իշխանությունների ուշադրության դեպքում «Չերքեզի ձորը»՝ քաղաքի բնակչության համար կարող է վերածվել հրաշալի հանգստյան գոտու:

 

Այս մտահոգությամբ, «Շիրակ կենտրոն»-ը տեսանյութը է պատրաստել «Չերքեզի ձորի» մասին, որը ներկայացվում է առանց մեկնաբանության: