Սոբչակը համաձայնել է, որ առգրավված գումարը իրեն վերադարձնեն բանկային փոխանցումով
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը տեղեկացրել է քննչական մարմիններին այն մասին, որ դեմ չէ իրենից առգրավված գումարը անկանխիկ ձևով ստանալուն, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Քննչական կոմիտեում անկանխիկ ձևով վերադարձի համաձայնություն եմ ստորագրել», - այսօր գրել է Սոբչակը իր «Թվիթեր»-ում:
Այս տարվա Սեպտեմբերի սկզբին Մոսկվայի Բասմանի դատարանը մերժել էր վերադարձնել Բոլոտնայա հրապարակում մայիսին անցկացված անկարգությունների գործի շրջանակում Սոբչակի տանն անցկացված խուզարկության ժամանակ առգրավված 1,5 մլն եվրո գումարը:
Հիշեցնենք ,որ 2012թ. հունիսի 11-ին ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Ուդալցովի, Իլյա Յաշինի, Քսենիա Սոբչակի և Ռուսաստանի ընդդիմադիր այլ ակտիվիստների տներում խուզարկություններ էին անցկացվել, որի ժամանակ Սոբչակի տանը հայտնաբերվել էր ծրարի մեջ դրված 1,5 մլն եվրո գումար: Քննիչների վարկածով՝ այդ գումարը նախատեսված էր ընդդիմության ֆինանսավորման համար:










