Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիային խորհուրդ է տալիս Սիրիայի հետ իրավիճակը չսրել
Հաշվի առնելով թուրք-սիրիական սահմանին իրավիճակի շիկացումը ՌԴ ԱԳՆ-ն Անկարային կոչ է անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են բարդացնել այդ տարածաշրջանում իրավիճակը, հաղորդում է BBC-ն:
Նախօրեին Թուրքիայի խորհրդարանը արտոնել էր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել, եթե կառավարությունը նման գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն զգա:
«Հույս ենք հայտնում, որ թուրքական կողմը զսպվածություն կդրսևորի և չի նախաձեռնի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա բարդացմանը», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում:
«Նշում ենք Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների և ԱԳՆ-ի հայտարարություններն այն մասին, որ Անկարան ամեն ջանք կներդնի իրավիճակի սրում թույլ չտալու համար, ինչպես նաև Սիրիայի հանդեպ իր գործողությունները կհամաձայնեցնի միջազգային հանրության հետ», - ասվում է ՌԴ արտաքին գերատեսչության մեկնաբանության մեջ:










