Ռուսաստանում մամոնտի դի հայտնաբերած 11-ամյա տղան որպես խրախուսանք բջջային հեռախոս է ցանկացել (լուսանկարներ)

14:12 • 06.10.12

Հնէաբանները որոշել են խրախուսել Ռուսաստանի Թայմիր թերակղզում մոտ 30 000 տարի առաջ սատկած մամոնտի դի հայտնաբերած 11-ամյա Եվգենի Սալինդերին, հայտնում է Life News-ը։ Նրանց հաջողվել է գտնել Ժենյային Գազ-Սալա փոքրիկ գյուղում, որտեղ երեխան տեղափոխվել է ուսման նպատակով։ Երեխայի ծնողներն ապրում են տունդրայում և պատրաստվում են տեղափոխվել մարդաբնակ վայր։

 

Քոչվորական ընտանիքում մեծացած երեխան իր բացառիկ գտածոյի դիմաց ընդամենը ցանկացել է ֆոտոխցիկով բջջային հեռախոս։ Նա երազում է բջջայինի մասին, որն իրենց թույլ տալ չեն կարող հազիվ գոյատևող ծնողները։



Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, գիտնականները գտածոն բացառիկ են համարում, քանի որ հայտնաբերվել է ոչ թե զուտ մամոնտի կմախք, այլ ամբողջ մարմին, որը կշռում է կես տոննա: Այս դեպքում պահպանված են կաշին, միսը, յուղը և նույնիսկ որոշ օրգաններ: Վերջին անգամ նման բան հայտնաբերվել էր 1901թ.-ին:

 

Այս գտածոն թույլ է տվել հաստատել գիտնականների որոշ հիպոթեզներ: Օրինակ՝ պարզ է դարձել, որ մամոնտի կուզը յուղային գոյացություն է, ինչպիսին ուղտերինն է, այլ ոչ թե կմախքի մաս, ինչպես ենթադրվում էր նախկինում:
Ի պատիվ բացառիկ մամոնտին հայտնաբերած Եվգենիի՝ գիտնականները գտածոն Ժենյա են անվանել:

 

«Մամոնտին ես գտել եմ, երբ ման էի գալիս քույրիկիս՝ Վիկայի հետ ծովի ափին։ Այդ մասին ասացի հայրիկիս, հետո եկան ինչ-որ մարդիկ և ասացին, որ ես գտել եմ շատ արժեքավոր մի բան»,- Life News-ին պատմել է Ժենյան։


Գիտնականները խոստացել են իրականացնել երեխայի երազանքը։