Հալեպում ողջ գիշեր «ռումբերի տեղատարափը» չի դադարել
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում գիշերը չափազանց լարված է անցել։
Tert.am-ի՝ Հալեպում գտնվող աղբյուրների խոսքով՝ ողջ գիշեր «ռումբերի տեղատարափը» չի դադարել։
Բազմաթիվ հալեպցիներ գիշերը գրեթե անքուն են անցկացրել՝ հաշվելով ընկնող ականների պայթյունների ձայները. ըստ հալեպահայերի՝ գիշերն առնվազն 20-25 խոշոր պայթյունի ձայն են լսել։
Թեև կրակոցների ու պայթյունների ձայները գրեթե չեն դադարել, սակայն տնից դուրս չգալ նախընտրող մարդիկ դժվարանում են դրանց կոնկրետ վայրը նշել։
Հավանաբար բախումները թեժ են եղել Բոսթան Փաշա թաղամասի մոտակայքում, որն արդեն երկար ժամանակ թատերաբեմ է դարձել ընդդիմադիր զինյալների և կառավարական զորքերի պայքարում։
Ենթադրվում է, որ կառավարական զորքերը փորձել են ջախջախիչ հարված հասցնել ընդդիմադիր զինյալներին։
Հայտնի է նաև, որ Շեխ Մախսուդ թաղամասում նույնպես շենքեր են վնասվել։
Զոհերի և վիրավորների, ինչպես նաև նյութական վնասի մասին տեղեկություններ առայժմ չկան։










