ԱՄՀ-ն 3.2 մլրդ դոլարի վարկի տրամադրման դիմաց Եգիպտոսին պահանջներ չի ներկայացնի
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Կահիրեին չի ներկայացնի և ոչ մի պահանջ՝ երկրին 3.2 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրման դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՀ նախագահ Քրիստիան Լագարդի խոսքերը մեջբերած եգիպտական լրատվամիջոցներին։
«ԱՄՀ պատվիրակությունը Կահիրե կմեկնի հոկտեմբերի վերջին՝ Եգիպտոսին 3.2 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրմանն ուղղված բանակցությունների նպատակով, և եգիպտական կողմին ոչ մի նախնական պայման չի ներկայացնի»,- ասել է նա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում։
Լագարդի խոսքով՝ հիմնադրամը «պատրաստ է Կահիրեի հետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը, սակայն ԱՄՀ-ին անհրաժեշտ է քաղաքական կայուն վիճակ երկրում, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ վարել»։ Իսկ ներկայիս պայմաններում, ըստ նրա, և՛ նախագահ Մուհամեդ Մուրսին, և՛ կառավարությունը պատրաստ են կառուցողական երկխոսության։
Մինչ այս հայտարարությունը, ԱՄՀ-ն Եգիպտոսին պահանջներ էր ներկայացրել, որոնք պետք է կատարեր երկիրը՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Մասնավորապես՝ հիմնադրամը պահանջում էր կրճատել պետության օգնությունը Եգիպտոսի համար զգայուն ոլորտներին՝ նավթամթերքի և սննդամթերքի արտադրությանը։










