Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սերժ Սարգսյանի՝ Reuters-ին տված հարցազրույցը

18:32 • 06.10.12

Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ հեղինակավոր Reuters գործակալությանը տված հարցազրույցին՝ հերթական անգամ մեղադրելով ՀՀ իշխանություններին «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումից խուսափելու համար»։

 

Անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, որ Ադրբեջանն «ահավոր մեծ քանակի» զինամթերք է կուտակում՝ նախապատրաստվելով պատերազմի վերսկսման, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը Trend գործակալությանն ասել է, թե «հայկական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և տարբեր հնարքներով խուսափել խաղաղ գործընթացից ու հակամարտության կարգավորումից»։


 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Սերժ Սարգսյանը գործակալությանը տված հարցազրույցում մեղադրել է Ադրբեջանին նոր պատերազմով սպառնալու համար։


Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով և ջանքեր չի խնայելու դրան հասնելու համար։