Էդվարդ Նալբանդյանն ընդունել է սփյուռքահայ լրագրողներին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Հայաստանում ընթացող լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին մասնակցող սփյուռքահայ լրագրողներին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայությամբ շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ սփյուռքահայ լրատվամիջոցները մեծ դեր են խաղում Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաեւ արտերկրում հայապահպանության գործում:
Պատասխանելով լրագրողների հարցերին` արտգործնախարարը մանրամասն ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացը, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։
Արտգործնախարարը անդրադարձ է կատարել նաև հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությանը, եվրոպական ընտանիքին մերձեցման քաղաքականությանը, արաբական, ասիական, լատինամերիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին և ՀՀ դերակատարությանը տարբեր միջազգային կառույցներում:










