Սա ոտնձգություն է ոչ թե իմ, այլ ՀՀ հեղինակության նկատմամբ. Վարդան Օսկանյան

16:04 • 06.10.12

ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նախ տեղեկացնում է, որ Ազգային անվտանգության ծառայությունից կանչվել է հարցաքննության, ինչպես նաև նշում, որ ոտնձգությունները ոչ թե իր, այլ Հայաստանի հեղինակության և ժողովրդավարության նկատմամբ են կատարվում:


Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.


«Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է․ «Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով»:


Այս ոտնձգությունները ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են:


Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագրահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները»: