«Տուգանային քարշակի» գինը Երևանում ավելի թանկ է, քան Մոսկվայում
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը անհամաչափ ու չարդարացված է համարում «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» կատարված փոփոխությունները, որոնցով սխալ տեղում կայանած մեքենան քարշակով Ճանապարհային ոստիկանության ավտոկայանատեղի տանելու համար վարորդից գանձվում է 80.000 դրամ:
«Եթե գաղափարը տույժ-տուգանքների միջոցով երթևեկությունը կարգավորելն էր, ապա կարելի էր սկսել 30-40 հազար դրամից: Սոցիալական բնույթ տային: Եթե տեսնեին դրական շարժ չկա, նոր ավելացնեին»,- Tert.am–ի հետ զրույցում կարծիք հայտնեց Միքայել Մելքումյանը:
«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ տուգանքի չափը համարում է խիստ ուռճացված և առաջարկել էր որպեսզի տուգանային պայմաններում քարշակի «ծառայության» համար սահմանված նախնական 100.000 դրամ տուգանքը կիսով չափ պակասեցվի՝ դառնալով 50. 000 դրամ, սակայն կառավարությանը նրա առաջարկը բավարարվել էր մասնակի և արդյունքում այն սահմանվել էր 80.000:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի երեկ ներկայացված տվյալներով՝ Հանրապետությունում բժիշկների մի մասը դեռ ստանում է 65-70 հազար դրամ աշխատավարձ:
Եվ օրենքի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ մեքենան սխալ տեղ կայանած բժիշկը պետք ամբողջ ամիս չուտի, չխմի և դեռ 5-10 հազար դրամ էլ պարտքով փող վերցնի, եթե հանկարծ ավտոմեքենան սխալ տեղում կայանի։
Այսուհանդերձ, տնտեսագիտության մեջ ընդունված է, որ այս կամ այն ծառայության կամ տուգանքի թանկությունը կամ էժանությունը ի ցույց է դրվում միջին աշխատավարձի և տվյալ դեպքում՝ տուգանքի չափի հարաբերակցությամբ և այլ երկրներում համամնման ցուցանիշների համեմատությամբ:
Այս դեպքում Tert.am–ը է վերցրել Ռուսաստանի Դաշնության օրինակը, որտեղ ևս այս տարվա հուլիսի 2-ից ուժի մեջ մտած օրենքով ՃՈ–ն «կանգառային ոստիկանությանը» իրավունք է վերապահվել սխալ տեղում կայանած վարորդների մեքենաները վերջիններիս բացակայության դեպքում քարշակի միջոցով տեղափոխել ավտոկայանատեղի:
Միքայել Մելքումյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է մասնավորի համար 145 000, իսկ պետական հատվածի համար 95.000–100.000 դրամ: Իսկ այս երկուսի միջինացված ցուցանիշը 125.000 դրամ է: Տուգանային քարշակի գինը, ինչպես հայտնի է, կազմում է 80.000 դրամ:
Ռուսաստանում մոսկվացիների միջին աշխատավարձը, համաձայն «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի, http://www.itar-tass.com/c15/537000.html 2012-ի 8 ամիսների, կազմել է մոտ 46.000 ռուբլի (մոտ 606.000 դրամ) և տարեվերջին կմոտենա 60.000 ռուբլու (մոտ 790.000 դրամ) սահմանագծին: Մոսկվայում սխալ կայանված ավտոմեքենան քարշակով տեղափոխելու ժամանակ քաղաքացուց գանձվում է 5000 ռուբլի (65 850 դրամ):
Հաշվումների արդյունքներով Հայաստանում տուգանային քարշակի ծառայությունը կազմում է հայաստանցիների միջին աշխատավարձի մոտ 64, իսկ Մոսկվայում 11 տոկոսը: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:
Եվ սա այն դեպքում, երբ Մոսկվայի նման մեգապոլիսի տարածքը այս տարվա դրությամբ, համաձայն «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի՝ կազմում է 2500 քառակուսի կիլոմետր, իսկ Երևանինը (համաձայն «Երևան քաղաքի զարգացման 2010 թ. ծրագրի» )կազմում է 227,0 քառ. կմ տարածք:
Քանի որ քարշակի «ծառայության» կառուցվածքի մեջ մտնում է քարշակի վարորդի վարձավճարն ու վառելիքի գինը, որն օգտագործվում է տուգանված մեքենան մի վայրից մյուսը հասցնելու համար, ապա ավելորդ չհամարեցինք ներկայացնել նաև Հայաստանի և Ռուսաստանի մայրաքաղաքների տարածքների համեմատությունը:
Սա այն դեպքում, երբ Հայաստանի ողջ բնակչությունը երկու-երեք անգամ գերազանցող Մոսկվայում տրանսպորտային հիմնախնդիրն անհամեմատ լուրջ է, քան Երևանում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ի պատասխան Tert.am –ի հարցադրումների, հիշեցրեց՝ «դա օրենքի պահանջ է, իսկ օրենքը Ճանապարհային ոստիկանությունը չի ընդունում, այլ Ազգային Ժողովը»:
«Այստեղ որևէ մեկնաբանության կարիք չկա. այ, երբ օրենքը չկատարեինք, նոր Ոստիկանությունը կարող էր հանդես գալ մեկնաբանությամբ, թե ինչու օրենքի պահանջները չեն կատարվում»,– ասաց նա:










