Հռոմի պապի նախկին կամերդիները դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման
Վատիկանի դատարանը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի նախկին կամերդիներ Պաոլո Գաբրիելեին դատապարտել է 1.5 տարվա ազատազրկման՝ հովվապետի նստավայրից փաստաթղթեր գողանալու մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով TMNews-ին։
Նախկին կամերդիների նկատմամբ դատական գործընթացը սկսվել է սեպտեմբերի 30-ին և տևել ընդամենը 1 շաբաթ։ Այդ ժամանակահատվածում անցկացվել է 4 նիստ, որոնց ժամանակ լսվել են 8 վկաների ցուցմունքները, այդ թվում՝ հովվապետի անձնական քարտուղար մոնսենյոր Գեորգ Գենսվայնի։
Այս աղմկահարույց դատական գործընթացի վերջին նիստում, որը լրագրողներն անվանել են Vatileaks՝ WikiLeaks սկանդալային կայքի անվան նմանությամբ, դատախազ Նիկոլա Պիկարդին պահանջել է մեղադրյալի համար 3 տարվա ազատազրկում, սակայն դատարանը որոշել է 1.5 տարի սահմանել։
Գաբրիելեն ձերբակալվել էր այս տարվա մայիսի 23-ին։ Նրա հափշտակած փաստաթղթերից մեջբերումները տեղ են գտել Ջանլուիջի Նուցիի «Նորին Սրբություն» հանրահայտ գրքում։










