Շակիրան և Ռիանան պետք է լավ մտածեն նախքան Բաքվում ելույթ ունենալը. Amnesty International

00:15 • 06.10.12

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Sing for Democracy (հակաեվրատեսիլյան – Tert.am) նախաձեռնության հետ հայտարարություն է տարածել, որով «վաճառքի բարձր ցուցանիշներ ունեցող» Ռիհանային և Շակիրային կոչ է անում «լավ մտածել Ադրբեջանում ելույթ ունենալուց առաջ»:

 

Ելույթները ծրագրված են այս ամսվա վերջին` ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկան կանանց Աշխարհի գավաթի խաղերի շրջանակներում, սակայն կառույցը հիշեցնում է երգչուհիներին, որ Ադրբեջանի մայրաքաղաքում ելույթ ունենալուց առաջ նկատի ունենան, որ այդ երկրում մարդու իրավունքներ են ոտնահարվում:


Ուշադրություն է հրավիրվում նաև Ադրբեջանում խոսքի ազատության խնդիրներին:

 

Մասնավոր դեպքերից նշվում է լրագրող Էլմար Հուսեյնի չբացահայտված մնացած սպանությունը 2005-ին, լրագրողների, բլոգերների, ակտիվիստների բազմաթիվ ձերբակալությունները և հալածանքները, հանրահավաքների արգելքը:

 

«Երկու երգչուհիները պետք է տեղյակ լինեն երկրի հետեվրատեսիլյան վիճակին», - նշված է նամակում` ընդգծելով, որ հանրահավաքներից մեկի փորձի ժամանակ 2012-ի մարտին նաև նրանց գործընկեր մի երգիչ էր ձերբակալվել: