Էջմիածին հիմնանորոգված երաժշտական դպրոց ունի. աշխատանքներն իրականացվել են պետբյուջեի հաշվին

19:11 • 07.10.12

Երեք տարի շարունակ հիմնանորոգվող Էջմիածնի Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցն արդեն պատրաստ է շահագործման: Շենքի բացմանը այսօր ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Տ.Տ. Գարեգին Բ-ն, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան և մի շարք այլ պաշտոնյաներ:

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ պետության և առաջին հերթին ՀՀ նախագահի շնորհիվ է, որ այսօր Էջմիածինը ունի վերանորոգված երաժշտական դպրոց: Նա նախագահին շնորհակալություն հայտնեց ոչ միայն իր, այլ նաև դպրոցի ուսուցչական անձնակազմի անունից:

«Նրանք ինձ խնդրել են ձեզ փոխանցել, թե ինչ հպարտությամբ են լցված դեպի մեր մշակույթը, դեպի վաղվա ապագան ուղղված մեր նախագահի ու պետության ունեցած վերաբերմունքից:
Երաժշտական դպրոցի տնօրեն Բենիկ Շամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե նախկինում դպրոցը ավերակ էր, ապա այսօր այն այնպիսի տեսք ունի, որ դժվար երկրորդը գտնվի հանրապետությունում:

«Դպրոցում այնպիսի վիճակ էր, որ վախենում էինք երեխաները վազելիս կպնեն ապակիներին ու կհայտնվեին ներքևում: Բայց փառք Աստծո, երկրի ղեկավարը գտավ հնարավորություն օգնեց։ Շենքը կառուցվել է պետական բյուջեի հաշվին»,- ասաց նա:

Բենիկ Շամիրյանը նշեց, որ այսօր դպրոցում սովորում է 293 աշակերտ, որոնցից միայն 82-ը այս տարի են ընդունվել: Դասատուների թիվը 46-ն է:

«Ես հետաքրքրվել եմ և պարզել, որ այդպիսի թիվ ոչ մի տեղ չկա, նույնիսկ Երևանի երաժշտական դպրոցներում: Սա վկայում է այն մասին, որ մեր քաղաքում սիրում են երաժշտությունը ու հաճախում դպրոց՝ սովորելու»,- ասաց նա:

Դպրոցի տնօրենը ընդգծեց, որ Էջմիածնի քաղաքապետի հոգածությամբ ժողգործիքներ, լարային գործիքներ և փողային գործիքները դասավանդվում են անվճար, վճարովի են դաշնամուրի ու վոկալի պարապմունքները: Նա նաև հավաստիացրեց, որ երաժշտական գործիքների պակաս դպրոցում գրեթե չկա:
«Մի քանի ազգային գործիքների խնդիր կա: Դիմել ենք Մշակույթի նախարարության համապատասխան մարդկանց ու խնդրել ենք հնարավորության դեպքում օգնել մեզ այդ հարցում»,-ասաց նա:

Նախագահը, կաթողիկոսը, մյուս բարձրաստիճան պաշտոնյանները ծաղիկներ դրեցին 2008թ.-ին Էջմիածնում կանգնեցված Արցախի հերոսամարտի հուշարձանի մոտ: