Էջմիածնում մեկնարկեց ՅՈւՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողովը

16:43 • 07.10.12

Էջմիածնում այսօր մեկնարկեց ՅՈւՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության (ՀԺՔԿ) ընդհանուր ժողովը և տնօրենների խորհրդի նիստը: Այն անցկացվում է Էջմիածնի 2697-ամյակի շրջանակներում: Այդ առիթով քաղաքապետարանի դահլիճում տոնական համերգ անցկացվեց, որին ներկա էին ՀԺՔԿ նախագահ Հարրի Բրինքմանը, փոխնախագահ Ժորժ Կաստրոն և ՀԺՔԿ ևս 17 անդամներ:


Նիստի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հոյաց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և մի շարք այլ պաշտոնյաներ:


Նիստի սկզբում օրհնանքի խոսք ասաց վեհափառը: Նա իր գոհունակությունը հայտնեց այն առիթով, որ հենց Էջմիածնում է գումարվում կազմակերպության տնօրենների խորհրդի նիստը՝ քննարկելու պատմական քաղաքների պահպանումը:

«Այսօր ուրախություն ենք ապրում ամենքս, քանի որ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն է: Այստեղ է իջել մեր տեր Հիսուս Քրիստոսը: Այստեղ է մեր ժողովուրդը դիմավորել սուրբ Մեսրոպ Մաշտոցին: Դարեր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից այս քաղաք են այցելել բազում հայորդիներ և ուխտավոր հյուրեր: Սուրբ Էջմիածինը համայն հայ ժողովուրդի հոգևոր կենտրոնն է»,- ասաց նա և կոչ արեց սիրել Էջմիածինը:

Նա նշեց, որ պատիվ է լինել այս քաղաքի բնակիչը և ընդգծեց, որ էջմիածնաբնակները միշտ դրսևորել են իրենց սերը սուրբ տաճարի նկատմամբ:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այսօր բոլորը գտնվում են մի քաղաքում , որը առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում: Անդրադառնալով քաղաքի ստեղծման պատմությանը՝ նա նշեց, որ այստեղ է կառուցվել առաջին մեսրոպյան դպրոցը, առաջին մատենադարանը, առաջին թղթե գործարանը, առաջին ճեմարանը՝ Գևորգյանը:

«Էջմիածինը ոչ միայն հայաստանցիների համար դարձավ հոգևոր կենտրոն, այլ նաև հայրենիքից դուրս մնացած հայորդիների: Տեղին է հիշել այն խոսքը, որում ասվում է՝ որ հայի կաշին քերթես տակից սուրբ Էջմիածինն է երևում: ՅՈւՆԵՍԿՕ-ի հուշարձանների մեջ են ընդգրկվել մի շարք հայ եկեղեցիներ և իրենց հերթին են սպասում մյուսները: Հայաստանի սահմաններից դուրս գտնվում են մի շարք հուշարձաններ, որոնք պահպանության կարիք ունեն: Ջուղայում տարիներ առաջ ոչնչացրին բազմաթիվ հայկական խաչքարեր»,- ասաց նա:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորելով բոլորին տոնի կապակցությամբ բոլոր էջմիածինցիների անունից ողջունեց ներկաներին ու նշեց, որ քաղաքի համար պատիվ է մտնել նման բարձր հեղինակություն ունեցող կազմակերպության մեջ:

«Դրանից հետո մեր քաղաքը ավելի ճանաչելի դարձավ: Անչափ խորհրդանշական է, որ ժողովը անցկացվում է քաղաքի տոնին: Մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,-ասաց նա:

Քաղաքապետը Ամենայն հայոց կաթողիկոսին շնորհեց Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ ՀԺՔԿ նախագահ Հարի Բրինքմանին՝ քաղաքի բարեկամ:

ՀԺՔԿ նախագահ Հարի Բրինքմանը նշեց, որ մեծ պատիվ է գտնվել այս քաղաքում և բոլորի հետ միասին նշել քաղաքի տոնը: Նա ընդգծեց, որ հայերի հյուրասիրության մասին հայտնի է դեռ հին ժամանակներից, երբ դրա մասին գրել է պատմիչ Քսենոֆոնը:
«Դեռ նախապատմական ժամանակներից վկայություններ կան այս քաղաքի քաղաքակրթության մասին: Էջմիածինը այսքան տարիներ անց շարունակում է մնալ հայության հոգևոր կենտրոնը: Մենք սպասում ենք մեր այցին Էջմիածնի եկեղեցի, որը աշխարհի հնագույն եկեղեցիներից է»,-ասաց նա:

Նշենք, որ «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության (ՀԺՔԿ) ընդհանուր ժողովը և տնօրենների խորհրդի նիստը Էջմիածնում կանցկացվի հոկտեմբերի 7-ից 9-ը:

Հիշեցնենք նաև, որ վաղը Էջմիածին քաղաքի տոնն է 2697 ամյակը, որը սկսվել է տոնվել 2009թ-ից: