Կարելի է չեղյալ հայտարարել նաև Փարաջանովի ու Վիսկոնտիի ֆիլմերը. Տիկնիկայինի տնօրենը՝ Parada ֆիլմի շուրջ աղմուկի մասին(տեսանյութ)

15:08 • 07.10.12

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համար անհասկանալի է այն աղմուկը, որը բարձրացել է միասեռականների իրավունքներին նվիրված Parada ֆիլմի ցուցադրության կապակցությամբ:

«Դա գեղարվեստական ֆիլմ է, որը մասնակցել է տարբեր փառատոնների: Նույն ձևով կարծում եմ՝ կարելի է չեղյալ հայտարարել Սերգեյ Փարաջանովի, Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերի ցուցադրությունը կամ՝ Նաբոկովի գրքերը: Դե, պետք է որոշակի սկզբունք ընդունել և որոշել՝ կամ մենք այս երկիրը դարձնում ենք Պարսկաստան և հրճվում ենք դրանով, կամ մենք պարզապես հասկանում ենք, որ կա՝ հանդուրժողականություն, գեղարվեստական ֆիլմ ու արվեստ» - Tert.am –ին ասաց Ռուբեն Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ թատրոնի ղեկավարությունը չեղյալ համարի վարձակալության պայմանագիրը:

Ինչպես երեկ հայտնել էր Tert.am-ը՝ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր վրդովված են, որ հոկտեմբերի 15-ին և 16-ին` թատրոնի փոքր դահլիճում պետք է ցուցադրվի Parada ֆիլմը, որը ինչպես իր ֆեյսբուքյան իր էջում գրել էր օգտատեր Տիգրան Քոչարյանը (բլոգեր Փիղը)` «սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը»:


Տիգրան Քոչարյանը հավելել էր. «Արա, այ Գերմանիայի դեսպանատուն, լրիվ վատ ե՞ք։ Մանկական թատրոնում ուրիշ բան չկա ցույց տալու»:

Նշենք, որ The Parade-ը (Շքերթը) սերբիական արտադրության ողբերգական կատակերգություն է, որը էկրան է բարձրացել 2011թ.-ի հոկտեմբերի 3-ին։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Սրժան Դրագոժեվիչը։ The Parade-ը պատում է Սերբիայում միասեռականների իրավունքների մասին, իսկ դրա նկարահանման համար հիմք է ծառայել 2010թ.-ին մայրաքաղաք Բելգրադում անցկացված գեյ-շքերթի տեսաժապավենը։

Անկախ վիճահարույց թեմայից, The Parade-ը 350 հազար մարդ է դիտել սերբիական կինոթատրոններում՝ էկրան բարձրանալուց ընդամնեը 11 շաբաթ անց։ Դիտման բարձր մակադակ է գրանցվել նաև Խորվաթիայում , Սլովենիայում, Բոսնիա Հերցեգովինայում և Մոնտենեգրոյում։

Ռուբեն Բաբայանը նաև նշեց, որ տիկնիկային թատրոնը միայն փոքրիկների համար չէ, ապա ավելացրեց. « Դուք տեղյակ եք, որ «Ոսկե Ծիրանն» էլ է անցկացնում ցուցադրություններ: Հարցն այն է, որ փոքր դահլիճ է, ցավոք սրտի, կինոթատրոններ, փաստորեն, չկան: Մեկ-երկուսը և վերջ: Սա է: Եթե դա պրոպագանդա լիներ, երբևիցե չէր դրվի»:

Ինչ վերաբերում է ցուցադրության կազմակերպիչներին, ապա թատրոնի տնօրենի խոսքով՝ կազմակերպիչը Եվրամիությունն է:

Նշենք, որ «Հայազն Միություն»-ը հայտարարել է, որ վաղը պատրաստվում է բողոքի ցույց կազմակերպել Երևանում Գերմանիայի դեսպանության առաջ:

Tert.am -ը կապվեց նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի աշխատակից Անուշ ի հետ, որը զբաղվել է ֆիլմի ցուցադրության աշխատանքների կոորդինացիայով , սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, որ լիազորված չէ: