Տեղադրվել են Պարույր Սևակի և Հրանտ Մաթևոսյանի արձանները (լուսանկարներ)

17:38 • 07.10.12

Մայրաքաղաքում տեղադրվել են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի և Հրանտ Մաթևոսյանի կավե արձանները: Դրանք տեղադրված են «Երևան» անունը կրող նստարանների վրա, որոնց կողքին հնարավորություն ունեն նստել նաև քաղաքացիները: Արձանները տեղադրվել են «Մեր հանճարները մեր կողքին են» խորագիրը կրող նախագծի շրջանակում:

Հրանտ Մաթևոսյանի արձանը տեղ է գտել Մաշտոցի պողոտային հարող այգում՝ Եղիշե Չարենցի տուն -թանգարանի հարևանությամբ, իսկ Պարույր Սևակի արձանը գտնվում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հարևանությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղադրվել էին բանաստեղծ Եղիշե Չարենցի ու դերասան Մհեր Մկրտչյանի արձանները, որոնցից վերջինը սեպտեմբերի 28-ին անհայտ անձինք կոտրել էին: Արձանը կարճ ժամանակ հետո վերանորոգվեց և կրկին տեղադրվեց իր նախկին տեղում:


Նշենք, ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել էր, որ վայրերն ընտրվում են հայ մեծերի նախասիրությունները հաշվի առնելով. «Օրինակ՝ «01-99» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Եղիշե Չարենցը սիրում էր հե'նց այդ վայրում շատ ժամանակ անցկացնել» :


Նա տեղեկացրել էր, որ արձանները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նվերն է՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների և Անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ:

Նշենք, որ արձանների տեղադրման առաջին փուլը կավարտվի հոկտեմբերի 14-ին, որի ընթացքում Երևանի տարբեր հատվածներում պետք է տեղադրվեն  9 արձաններ, որոնցից 4-ն արդեն իսկ տեղադրված են: Այդ ցանկում ընդգրկված են մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող մեր հանճարները՝ Մինաս Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը և այլք: