Հալեպի հայկական ծերանոցը տեղափոխվել է ապահով վայր
Հալեպի հայկական ծերանոցը տեղափոխվել է առավել ապահով վայր։ Ինչպես տեղեկացնում է լիբանանյան «Ազդակ»-ը, այդ մասին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը։
Նա նշել է, որ տեղափոխությունը տեղի է ունեցել Բերիո թեմի ազգային իշխանության, Հալեպի երեք համայնքների ղեկավարների համաձայնությամբ և Բերիո թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգիսյանի կարգադրությամբ։
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Բոսթան փաշա թաղամասը, որտեղ գտնվում էր հայկական ծերանոցը, վտանգավոր գոտի է համարվում, և այնտեղ կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև բախումները չեն դադարում։
Բախումներ տեղի են ունենում նաև Հալեպի տարբեր շրջաններում, սակայն ոչ կենտրոնական հատվածում։
Ժիրայր Ռեյիսյանն ընդգծել է, որ վերջին երկու օրերի ընթացքում համայնքը մարդկային կորուստներ չի կրել, սակայն նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկում՝ վնասը նվազագույնի հասցնելու նպատակով։










