Բուդապեշտում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա կարմիր ներկ են լցրել
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սեպտեմբերի 29-ին տեղադրված Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել, տեղեկացնում է politics.hu կայքը։
«Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին վարչապետ Աթաթուրքին շատ հայեր մեղավոր են համարում 1915թ.-ի Ցեղասպանության համար, որի ընթացքում ավելի քան մեկ միլիոն մարդ սպանվեց Օսմանյան կառավարության կողմից»,- գրում է կայքը։
Միջադեպը տեղի է ունեցել Հունգարիայի և Հայաստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին՝ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով։ 2004 թ.-ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովն օգոստոսի 31-ին արտահանձնվել էր Բաքվին։










