ԱՄՆ-ում լույս է տեսել ցեղասպանությանը նվիրված «Անապատի ագռավները» գիրքը

11:42 • 08.10.12

Ամերիկաբնակ հայազգի Լևոն Փարյանը, ով մասնագիտությամբ արհեստավարժ լուսանկարիչ է և խմբագիր, վերջերս հրատարակել է «Անապատի ագռավները» գիրքը, որում ամփոփված են իր պապի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված հիշողությունները, հայտնում է Daily Sundial-ը։

 

1909 թ.-ին Փարյանի պապը՝ Լևոն Յոթնախպարյանը, միացել է Օսմանյան կայսրության բանակին, սակայն հետագայում գիտակցելով, որ ոչնչացնում է սեփական ժողովրդին, փախչել է Սիրիայի Դեյր էզ Զոր՝ փրկելու Հայոց ցեղասպանությունից տուժած հազարավոր մարդկանց։

 

Նախքան այս գիրքը հրատարակելը, Փարյանը 3 տարի անընդմեջ լուսանկարներ, նամակներ ու տարատեսակ պատմություններ է հավաքել իր ընտանիքի մյուս անդամներից, որոնք ավելի ամբողջական են դարձրել պապի հուշերը։

 

Իր մահից առաջ Յոթնախպարյանն իր կյանքի պատմությունը թելադրել է կնոջը՝  նպատակ ունենալով դրանք հրատարակել։ Սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել։ Որոշ ժամանակ անց իր հոր խնդրանքով Փարյանը որոշել է դրանք զետեղել «Անապատի ագռավները» գրքում։

 

Ըստ Փարյանի՝  իր պապը հաշվառվելով օսմանական հեծելազորում՝ անգամ չէր էլ կարող մտածել, որ պատմության անիվը կշրջվի, և թուրքերը կսկսեն կոտորել իր հարազատ ժողովրդին։

 

Տեսնելով այս ամենը՝ Յոթնախպարյանը փախչում է Սիրիա և իր կյանքի հիմնական առաքելությունը դարձնում ցեղասպանությունից մազապուրծ եղած և որբացած հայերի մասին հոգ տանելը։ Աշխարհի տարբեր առաջնորդների կողմից օգնության շնորհիվ նա շուրջ 4 հազար մարդու կյանք է փրկել։

 

«Ագրեսոր Թուրքիան այս դեպքերը չի ընդունում որպես ցեղասպանություն։ Երիտթուրքերը, ովքեր զբաղեցրին օսմանցիների տեղը, աստիճանաբար փոխեցին ողջ կայսրության ղեկավարման սկզբունքները։ Կայսրության մեջ բնակվողների իրավունքներն ընդլայնելու փոխարեն, նրանք սկսեցին անխտիր թրքացնել բոլորին։

Ինչ վերաբերում է հայերին, ապա նրանք կայսրության ամենաաշխատասեր ու առաջադեմ փոքրամասնությունն էին, սակայն երիտթուրքերի կողմից ընկալվում էին որպես մեծ սպառնալիք Թուրքիային։ Հենց այստեղ էլ ծագում է հայերի ողջ բնակչությանը սպանելու գաղափարը»,- նշում է Փարյանն իր գրքում։