Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմի. Էրդողան

09:55 • 08.10.12

Թուրքիան ցանկացած պահի պետք է պատրաստ լինի պատերազմի։ Այս մասին, Haberler տեղեկատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ արձագանքելով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքների։

 

«Ցանկացած պահի դու պետք է պատրաստ լինես պատերազմի։ Եթե պատրաստ չես, նշանակում է պետություն չես, լիարժեք ազգ չես»,-ասել է նա։

 

Ընդդիմությունն իշխող կուսակցությանն ու Էրդողանին մեղադրում է հարևանների հետ խնդիրներ հրահրելու մեջ և պնդում, որ թուրքական իշխանությունը Սիրիայի հարցում սխալ քաղաքականություն է վարում։

 

Թուրք-սիրիական սահմանին, սակայն, լարվածությունը շարունակում է աճել։ Աքչաքալե բնակավայրում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում սիրիական կողմից արձակված ականի պայթյունից 5 թուրք էր զոհվել, Թուրքիան սկսել է պարբերաբար հակահարված հասցնել Սիրիային։

 

Երեկ երեկոյան դարձյալ սիրիական կողմից արձակված արկը պայթել է Թուրքիայի Հաթայի նահանգում՝ բնակելի թաղամասից ընդամենը 200 մետր հեռավորության վրա։

 

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Թուրքիայում պայթած արկը հենց թուրքական է եղել և Սիրիայի տարածքից այն արձակել են ոչ թե կառավարական զորքերը, այլ նրանց հետ հակամարտող ընդդիմադիր մարտիկները, որոնց զինում է Թուրքիան։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ սիրիացի ընդդիմադիրները փորձել էին սադրել Թուրքիային՝ ներքաշելով հակամարտության մեջ։