ՀԱԿ հանրահավաքը տեղի կունենա Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումից հետո. Լյուդմիլա Սարգսյան
«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի հանրահավաքը կնշանակվի այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշում կայացնի առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին, ենթադրում է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
«Սրանք զուգահեռ պրոցեսներ են, և երբ որոշումը կլինի, այն ժամանակ էլ կհրավիրվի»,- ասաց նա։
Ի պատասխան Tert.am–-ի դիտարկմանը, թե հիմա մի տեսակ անորոշ վիճակ է, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ անորոշությունը շատ շուտ հստականա , և շտապելու կարիք չկա. դաշտում դեռ հստակություն չկա, և բոլոր նրանք, ովքեր հայտարարել են, դեռ վստահ չեմ, որ առաջադրվելու են։ Պրոցեսն իր պիկին չի հասել: Հետևաբար, չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է շտապի»:
Tert.am հետաքրքրվեց, թե ինչո՞ւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը տարբեր կերպ քվեարկեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրին, որով ամրագրվում է, որ Հայաստանը չի կարող իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի ռազմական ենթակառուցվածքի որևէ օբյեկտ, եթե ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկը դրա դեմ առարկություն ունենա:
Ի պատասխան հարցադրման, որ արդյո՞ք ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ներսում միասնական դիրքորոշում չկա, ՀԱԿ պատգամավորն ասաց.«Կոնգրեսը շատ դեմոկրատական կառույց է, և ամեն մեկն ունի իր տեսակետը էդ հարցի շուրջ: Եվ մեզանից որևէ մեկը մյուսի վրա չի փորձել ճնշումներ գործադրել: Իսկ այն, որ ես պետք է քվեարկեի այդպես, կարծում եմ՝ կանխատեսելի էր»:
Նշենք, որ այդ օրը դահլիճում ներկա «Հայ ազգային կոնգրես» խմբակցության 4 անդամներից Լյուդմիլա Սարգսյանը և Գագիկ Ջհանգիրյանը, քվեարկեցին «կողմ», Նիկոլ Փաշինյանը՝ «դեմ», իսկ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պարզապես չքվեարկեց:
Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած ՍԴՀԿ-ն Ռուսաստանի Դաշնությունում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ ՌԴ-ում բնակվող հայերին կոչ էր արել քվեարկել Վլադիմիր Պուտինի օգտին:










