Քաղաքապետարանում քննարկվել են «Էրեբունի-Երևան» տոնակատարության հետ կապված հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, գերատեսչություններին և կառույցներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անցյալ շաբաթ կայացած համաքաղաքային շաբաթօրյակին: Հանձնարարվել է նաև մշտական հսկողություն իրականացնել աղբի կուտակման խրոնիկ վայրերը վերացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Քաղաքապետին զեկուցվել է, որ հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Էրեբունի արգելոց- թանգարանում և Հանրապետության հրապարակում նախատեսվող համերգային ծրագրերից բացի, տոնն առավել զանգվածային դարձնելու նպատակով, մայրաքաղաքում տեղադրվելու են նաև 26 այլ բեմահարթակներ:
««Էրեբունի-Երևան» տոնակատարությունը ամբողջ հայության տոնն է և պետք է համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկենք` ապահովելու իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն: Տոնակատարությունների կազմակերպման և իրականացման աշխատանքներում ակտիվորեն պետք է ներգրավվեն նաև երևանցիները`զգալով իրենց մասնակցության կարևորությունը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել զանգվածային լրատվության միջոցներով մեկ անգամ ևս տեղեկացնել ազգաբնակչությանը նախատեսված միջոցառումների մասին` մասնակից դարձնելով նաև երիտասարդներին և հասարակական կազմակերպություններին:
Տոնին ընդառաջ ընթացքի մեջ են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցները՝ հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի և մետրոպոլիտենի աշխատանքը մինչև ուշ երեկո ապահովելու ուղղությամբ:
Տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվեն քաղաքաշինական և գեղարվեստական խորհուրդների կողմից հավանության արժանացած քանդակագործներ Թերեզա Միրզոևայի և Աշոտ Հարությունյանի հեղինակած արձանները:










