«Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով Երևանը կտոնի իր 2794-ամյակը (տեսանյութ)

16:18 • 08.10.12

Այս տարի Երևանի 2794-ամյակը հոկտեմբերի 14-ին կնշվի «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով։ 
Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն առավել մանրամասն ներկայացրեց «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումների ցանկը։


Միջոցառումները քաղաքի տարբեր հատվածներում կսկսվեն վաղ առավոտից և կտևեն մինչև կեսգիշեր:
«Մայրաքաղաքում տոնական տրամադրություն ապահովելու համար տեղադրվելու են 26 բեմահարթակներ՝ ինչպես մշակութային, այնպես էլ սպորտային միջոցառումների համար»,-ասաց Արամ Սուքիասյանը:

 

Ըստ նրա, միջոցառման մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին ջրցան մեքենաների շքերթով, ապա դրան կհաջորդի Երևան քաղաքի հուշարձանների լվացումը և մինչև երեկոյան ժամը 23:00-ը։


Զուգահեռաբար կամ միմյանց հաջորդելով, կլինեն թատերականացված ներկայացումներ, տոնական շքերթներ, ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն, մանկական բեմ, էստրադային բեմ, ջազ բեմ, ռոք բեմ, դասական երաժշտության բեմ, ազգային երաժշտության բեմ, աշխարհի ազգերի բեմ, կրկեսային և թատերական բեմեր, պոեզիայի բեմ, բիենալե, վարպետաց քաղաք, կարաոկե, սթրիթբոլի մրցումներ և այլ միջոցառումներ:

 

Արամ Սուքիասյանը հիշեցրեց՝ քանի որ Երևանն այս տարի համաշխարհային գրքի մայրաքաղաքն է, ուստի տոնական միջոցառումներում մեծ տեղ կհատկացվի գրքին :


«Տոնական միջոցառումների գագաթնակետը կլինի Հանրապետության հրապարակի գալա համերգը, ուր ելույթ կունենան ոչ միայն հայ, այլ նաև ռուս երգիչ-երգչուհիներ»,– ասաց նա:


«Կլինի նաև տոնական հրավառություն, իսկ ավելի ուշ՝ դիսկոտեկ»,- նշեց նա և ավելացրեց, որ Ռուսաստանից հյուրերի թվում կլինեն երգչուհի Զառան, Վերա Բրեժնևան, «Хор Турецкого» երգչախումբը և այլոք, որոնք կլինեն «բնօրինակներ» և ոչ նախորդ տարվա պես, երբ հրավիրեցին նմանակին և կներկայացնեն որպես Անդրեանո Չելենտանո:


Բացի այդ, նրա խոսքով՝ Երևան կայցելեն մեծաթիվ հյուրեր, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից ժամանած պատվիրակություններ:


Քաղաքապետի խորհրդականը նշեց, որ միջոցառումների համար քաղաքապետարանը հատկացրել է 90 միլիոն դրամ:
Հոկտեմբերի 14-ին ժամը 08։30-ից դադարելու է երթևեկությունը փոքր կենտրոնում, իսկ մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01։00-ն: