Ադրբեջանը կարող է ինչ-որ պահի դուրս գա վերահսկողությունից. Արտակ Զաքարյան
Ադրբեջանի պահվածքը ոչ ադեկվատ է դառնում և կարող է ինչ-որ պահի դուրս գալ վերահսկողությունից. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանին ոգևորող գործոն կարող է հանդիսանալ Սիրիայի հարցում Թուրքիայի ներգավվելու փորձերը:
«Թուրքիայի ակտիվ գործողությունները կարող են պատճառ հանդիսանալ, որ Ադրբեջանը ներգրավվի տարածաշրջանում կոշտ քաղաքականություն իրականացնելու գործընթացում: Ցանկացած ներգրավվում կխթանի լարվածության սրմանը»,- ասաց ՀՀԿ պատգամավորը և նկատեց, որ այս հարցում հայկական կողմը պետք է ուշադիր լինի և քայլերը կազմակերպի և իրականացնի այն հիմքի վրա, որպեսզի որևէ կերպ չվտանգի անվտանգությունը և տարածաշրջանում պահպանի վերահսկողությունը:
«Այս հարցում կարևոր է Ռուսաստանի դերակատարությունը, ինչպես նաև Եվրոպական միության և Միացյալ նահանգների դերակատարությունը՝ Ադրբեջանի սպառազինությունների աճի նկատմամբ և ԼՂ խնդրի նկատմամբ ապակառուցողական և ոչ նպաստող քայլերի վերաբերյալ»,- ասաց նա:
Այս հարցում, ըստ նրա, Հայաստանը պետք է ավելացնի դիվանագիտական ջանքերը և միջազգային հարթակներում չենթարկվի թուրք-ադրբեջանական սադրիչ գործողություններին, որոնք տարբեր ժամանակներում էլ եղել են: «Եվ ի պատիվ մեր դիվանագիտական աշխատանքների և ռեալ գնահատելու կարողություններին, թույլ են տվել, որ արտաքին քաղաքականությունում սխալ չգործեն»,-ասաց նա:
Մյուս կողմից Թուրքիան, ըստ նրա, Սիրիայի շուրջ զարգացումներին միջամտելու փորձով կարող է կրկին վտանգել լարվածությունը և Մերձավոր Արևելքում առաջ բերել անցանկալի զարգացումներ: «Վտանգն այն է, որ տեղի ունեցող գործողությունների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել»,-ասաց նա:
Մյուս արտաքին վտանգը հարևանների հարցում, ըստ նրա, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներն են: Այս հարցում նույնպես նա հույս հայտնեց, որ տարածաշրջանում հնարավոր կլինի պահպանել խաղաղությունը և բանակցային գործընթացների մեջ տեղավորվելը:
Թերևս, դրական դինամիկան Վրաստանի պարագայում էր, որն ըստ ՀՀԿ պատգամավորի ժողովրդավարության հաստատումն էր: «Ողջունելի է, որ հարևան պետությունում արձանագրվում է ժողովրդավարության հաղթանակը, որը հիմնաքար կարող է հանդիսանալ պահպանելու կայունությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում է Բիձինա Իվանաշվիլիի հայտարարությանը՝ հայ համայնքի վերաբերյալ, Արտակ Զաքարյանը նշեց, որ դա, ինչպես պարզվեց, լրատվամիջոցի բացթողում է եղել: «Ժողովրդավարական ընտրությամբ գալով՝ նա չէր կարող բազմազգ Վրաստանի դեպքում, կոնկրետ հայերի վերաբերյալ խտրական վերաբերմունք հայտնել»,- ասաց նա և համաձայնվեց լրագրողների դիտարկմանը, որ Հայաստանը ավելի ակտիվ գործողություններ պետք է իրականացնի Վրաստանում: «Բայց ոչ ի հաշիվ տարածաշրջանի խաղաղության վտանգման, այլ դրանք պետք է բխի Հայաստանի շահերից և լարվածությունը թուլացնելու քաղաքականությունից»,- հավելեց նա:










