Associated Press-ին քննադատել են Միթ Ռոմնիի սկանդալային նկարը հրապարակելու համար
Ամերիկյան հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունը լուրջ քննադատությունների է ենթարկվել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի ոչ միանշանակ ընկալվող լուսանկարը հրապարակելու համար, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Washinghton Post-ին։
Վիճահարույց լուսանկարում թեկնածուն պատկերված է կռացած վիճակով, իսկ նրա ետևում կանգնած է զարմանքից բերանը բացած աշակերտուհին։ Այս լուսանկարն արվել է հոկտեմբերի 8-ին, երբ Ռոմնին այցելել էր Վիրջինիա նահանգի դպրոցներից մեկը և պատրաստվում էր նստել աթոռին՝ հավաքված աշակերտների հետ լուսանկարվելու համար։
Ժամեր անց լուսանկարն օգտագործվել է AP-ի՝ այդ իրադարձությունը լուսաբանող հոդվածում։
Լուսանկարը նաև լայն տարածում է գտել այլ լրատվամիջոցներում և համացանցում։ Բազմաթիվ օգտատերեր այն որակել են «տհաճ, տարօրինակ և ցածրորակ» և մեղադրել գործակալությանը Ռոմնիի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։










