Աթաթուրքի հուշարձանի տեղադրումը՝ երկակի ստանդարտների կիրառության ապացույց. Սփյուռքի նախարարության հայտարարությունը

19:05 • 10.10.12

ՀՀ Սփյուռքի նախարարությունը հայտարարություն է տարածել Բուդապեշտում Աթաթուրքի արձանի տեղադրման առիթով՝ Հունգարիայի իշխանությունների այդ քայլը որակելով երկակի ստանդարտների կիրառության ապացույց։ Հայտարարությունում ասվում է.

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների՝ ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու իրողությունից հետո, Հայաստանի Հանրապետության՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր այդ երկիրը ջանքեր չի խնայում վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները:


Այս ուղղությամբ պարբերաբար հայ և հունգար ժողովուրդների բարեկամության վաղեմության և ամրության վերաբերյալ ելույթներ են ունենում հունգար մշակույթի ու հասարակական գործիչներ՝ փորձելով գործել զգայական ոլորտում: Սակայն իշխանական գործելակերպը միանշանակ հակառակ տպավորություն է ենթադրում, որի հերթական սադրանքը Քեմալ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումն էր Բուդապեշտում:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը, թեև արձանի տեղադրման կապակցությամբ Հունգարիայի հայ համայնքը խստորեն դատապարտեց ու բողոքի ակցիա իրականացրեց, այնուամենայնիվ այն արդեն Հունգարիայում թուրքերի պաշտամունքի վայրերից մեկն է: