Բոլորս արձանագրեցինք, որ դեղերի ոլորտում իսկապես լուրջ խնդիրներ կան. առողջապահության նախարար

21:26 • 10.10.12

Այսօր տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Բացելով նիստը, Դերենիկ Դումանյանն ասել է. «Բոլորս արձանագրեցինք, որ դեղերի ոլորտում իսկապես լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է կանոնակարգվեն։ Այդ ուղղությամբ սա ամենակարևոր քայլն է` դեղերի ոլորտում մայր օրենքի մշակումն ու ընդունումը, որին պետք է հաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը։ Այս նախագծում ամրագրված դրույթներով դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են որակյալ և անվտանգ դեղերով բնակչության ապահովումը, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքների ամրագրումը, դեղերի տեղական արտադրության խթանումը և այլն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախագիծը քննարկվել է դեղ ներմուծող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների, դեղ արտադրողների, ինչպես նաև դեղագործական ֆիրմաների հայաստանյան ներկայացուցչությունների հետ։ Քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիմնական մասն արդեն ներառված է այսօր ներկայացվող նախագծում»։


ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը, կոլեգիայի անդամներին ներկայացնելով օրենքի նախագիծը, ընդգծել է, որ դեղը յուրահատուկ ապրանք է և այն գնահատելու համար սովորական զգայական ընկալումները բավարար չեն։ Խիստ կարևոր է, որ դեղն անվտանգ և որակյալ լինելուց բացի լինի արդյունավետ։ Դեղը պահանջում է արտադրության, տեղափոխման, պահպանման և անգամ ոչնչացման հատուկ պայմաններ։


Տարեցտարի դեղի արտադրության և դրա կիրառության ընդլայնումը մեծացնում է դեղարտադրողների գայթակղությունը կեղծման և անօրինական ճանապարհով գերշահույթներ ստանալու ուղղությամբ։ Արդի միջպետական հակամարտության պայմաններում դեղը կարող է օգտագործվել որպես կենսաահաբեկչության միջոց։ Այս և այլ հանգամանքների պարտադրանքով մշակվել է դեղերի մասին նոր օրենքի նախագիծ, որի ընդունմամբ պայմանավորված գործող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն ևս կառաջանա։

Նախագծում ամրագրված դրույթներով` արտացոլվում են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Դրանք են` շրջանառության տարբեր մակարդակներում դեղերի նկատմամբ միջազգայնորեն ընդունված որակի պահանջների ապահովումը, դեղերի գների պետական կարգավորումը և հսկման ուժեղացումը, բնակչության խոցելի խմբերին արտոնյալ պայմաններով դեղերի հատկացումը, դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերի պարզեցումը և արդիականացումը, նոր դեղերի ստեղծման էթիկական մոտեցումների սահմանումը, դեղերի ներմուծման, պահպանման և տեղական արտադրության արտահանման սկզբունքները, դեղերի մեծածախ և մանրածախ իրացման պայմանների և պահանջների սահմանումը, դեղերի վերաբերյալ ամբողջական, անկողմնակալ և բացառապես հավաստի տեղեկատվության ապահովումը, դեղերի շրջանառության ոլորտում պետության կողմից իրականացվող համապարփակ հսկողության մեխանիզմների արդիականացումը, ինչպես նաև սահմանված կանոնների խախտումների նկատմամբ պատասխանատվության միջոցների ապահովումը:

Կոլեգիայի անդամներ Արա Բաբլոյանը, Վիլեն Հակոբյանը, Աստղիկ Միրզախանյանը հանդես եկան կարծիքներով և առաջարկներով։ Արա Բաբլոյանը, նշելով, որ լուրջ աշխատանքի արդյունքում հաջողված նախագիծ է պատրաստվել, առաջարկեց, որպեսզի Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի գալիք քննարկմանն աշխատանքային խմբի 2-3 անդամ մասնակցի։


«Այս օրենքի ընդունումը խիստ արդիական է և, կարելի է ասել, նույնիսկ` ուշացած։ Այսօր կայացած նիստի ընթացքում արված բոլոր առաջարկությունները կքննարկվեն իրավաբանների ու փորձագետների հետ և ընդունելի առաջարկները կընդգրկվեն նախագծում։ Մենք այլևս ժամանակ կորցնելու իրավունք չունենք և կառավարությունում և Ազգային ժողովում քննարկումներին զուգահեռ շարունակենք աշխատել ենթաօրենսդրական ակտերի վրա։ Իսկ մինչ այդ նախագիծը կուղարկվի պատկան բոլոր մարմիններին, մարզերի մեր գործընկերներին` նրանց կարծիքներն ու առաջարկությունները ևս ստանալու նպատակով։ Նախագիծը նաև կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում։ Պատրաստ ենք լսելու բոլորի կարծիքը։ Մենք շատ կարևոր մի աշխատանքի հիմնաքարն ենք դնում»,-ամփոփելով կոլեգիայի նիստը ասել է նախարար Դումանյանը։

Կոլեգիան հավանության է արժանացրել ներկայացված «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և որոշել է նիստի ընթացքում կատարված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա փաստաթուղթը լրամշակելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարություն։