ՀՀ–ի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներից հետո ոչ մի դատավոր չի պատժվել. Ա. Բաբայան

18:09 • 10.10.12

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հետևանքով որևէ դատավոր կարգապահական տույժի չի ենթարկվել, այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։

 

Ըստ նրա՝ այս վճիռները կայացվել են ոչ թե դատավորի սխալ աշխատանքի, այլ՝«տվյալ ժամանակաշրջանում առկա օրենքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հակասությունների արդյունքում, ինչի խախտումն էլ արձանագրել է Ստրասբուրգի դատարանը՝ ելնելով օրենքի տառից, կայացրել է դատական ակտ»:


Ինչպես տեղեկացրել էր «Հայկական ժամանակը»՝ կառավարությունը 2007-ի հունվարից մինչ օրս ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունքում պետական բյուջեից, այսինքն` հարկատուների հաշվին, վճարել է 225 հազար եվրոյին համարժեք դրամ, և ևս 41 հազար 500 եվրոյին համարժեք դրամ պետք է վճարվի վերջին վճիռներով:


«Բացի այդ, Եվրոպական դատարանում կա ավելի քան 1000 գանգատ, որից բավարարվել է ընդամենը 47-ը: Այս առումով, եթե մենք համեմատելու լինենք Գերմանիայի դեմ կայացված ՄԻԵԴ որոշումները տոկոսային հարաբերությամբ, ապա դրանք մի քանի անգամ գերազանցում են ընդդեմ ՀՀ-ի դեմ կայացրած որոշումներին»,- ասաց Արսեն Բաբայանը:


Խոսելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և մեր օրենսդրության անհամապատասխանության մասին, որոնց արդյունքում էլ, ըստ Բաբայանի, մեր դեմ որոշումներ են կայացվում՝ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետը տվյալ դեպքում խոսում էր Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով վճռի մասին:


Հիշեցնենք, որ Սեֆիլյանը ձերբակալվել էր 2006 թվականի դեկտեմբերին՝ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով և մինչև 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ:

 

ԵԴ-ն արձանագրել է, որ Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետև նրան ազատազրկելու և շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը, իսկ 8-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է առանց բավարար իրավական հիմքերի չմիջամտել մարդու անձնական կյանքին, հեռահաղորդակցությանն ու նամակագրությանը:


Արսեն Բաբայանի մեկնաբանությամբ՝ ՀՀ քրեական օրենսդրությամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի դեպքը հենց Կոնվենցիայի և մեր օրենսդրության անհամապատասխանության արդյունք է:


Այս պահի դրությամբ հարցերը փորձ է արվում կարգավորել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով:
«Եվ , ի դեպ, ՄԻԵԴ-ը իր որոշումներում հստակ հղում է անում Վճռաբեկ դատարանի որոշումներին՝ նշելով ՝ «Թեև օրենքը դեռևս հակասում է Կոնվենցիային, բայց Վճռաբեկ դատարանն իր որոշումներով կանոնակարգել է հարցը, և դրա իրացումն այլև չի հակասում ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքներին»,– ասաց նա:


Ի պատասխան հարցի, որ խոսքը ոչ թե օրենքի անհամապատասխանության, այլ դատարանների կողմից քաղաքական պատվեր կատարելու մասին է, օրինակ՝ փաստաբան Վահե Գրիգորյանը նշում է, որ դատավարության այս կամ այն փուլում իրենք բազմիցս նախազգուշացնում են դատավորներին, որ հետո ընդդեմ ՀՀ-ի վճիռ է կայացվելու, Արսեն Բաբայանն ասաց. «Դրանք քաղաքական հայտարարություններ են՝ անհիմն և մերկապարանոց»:


Ըստ դատական դեպարտամենտի լրատվության պատասխանատուի՝ ընդդեմ ՀՀ-ի կայացված վճիռներն ինքնին դեռ ոչինչ չեն նշանակում, որովհետև, ըստ նրա՝ ՄԻԵԴ ներկայացվող հինգ-վեց պահանջներից, որպես կանոն, բավարարվում է մեկը կամ երկուսը: