Էրդողանին քիմիական հարձակումներից պաշտպանելու համար հատուկ սենյակ կստեղծվի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նոր սենյակ է պատրաստվում, որով նա կկարողանա պաշտպանվել հնարավոր քիմիական կամ կենսաբանական հարձակումներից։
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, Էրդողանը համարվում է ամենաշատ սպառնալիքներ ստացող առաջնորդներից մեկը, և նրա անվտանգությունն ապահովող ծառայությունն աշխատում է 24 ժամ։
Սենյակն իրենից վրան է ներկայացնում, որը կտեղադրվի վարչապետի այցելությունների ընթացքում և որի ճշգրիտ տեղը կիմանան թիկնապահներից քչերը։
Որևէ քիմիական հարձակման դեպքում վարչապետին կտեղափոխեն հենց այդ սենյակ։
Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար նաև գունափոխվող թղթեր են գնվել։ Վտանգավոր նյութերի առկայության դեպքում թղթիկները գունափոխվելու են՝ անվտանգության ծառայությանն ահազանգելով հնարավոր վտանգի մասին։
Նախազգուշական գործողությունների ընթացքում վարչապետի անվտանգության աշխատակիցները քիմիական հարձակումից պաշտպանվելու հատուկ դասընթացներ են անցել։
Այսուհետ էրդողանի թիկնապահներն իրենց մոտ միշտ ունենալու են հակագազ և պաշտպանիչ հագուստ՝ անհրաժեշտության դեպքում Էրդողանին հագցնելու համար։










