Օսկանյանի գործը վատ է ՀՀ ժողովրդավարության և արդարադատության տեսանկյունից. ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

16:11 • 10.10.12

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր տեսաբլոգի հերթական թողարկման մեջ անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին` նշելով, որ այն վատ է անդրադառնում Հայաստանի ժողովրդավարությանն ու արդարադատությանը։ 


Դեսպանը նշել է, որ Վարդան Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո իրեն են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:



«Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում»,– ասել է դեսպանը:



«Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»,– ավելացրել է դեսպանը: