«Խոսրովի արգելոցի» տնօրենն ազատվել է աշխատանքից

20:15 • 10.10.12

«Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենը և արգելոցում պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ ներկայացվել են կարգապահական տույժերի: Այս մասին նշված է Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ նշված պետական արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որսի հետ կապված Ոստիկանությունում արդեն իսկ հարուցվել է քրեական գործ:


Հավելվում է, որ 2012 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի մոտ կայացած արտահերթ խորհրդակցության ընթացքում, որը նվիրված էր ՀՀ տարածքում ապօրինի որսի դեպքերի կանխարգելման աշխատանքների բարելավմանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է մշակել կարգ` ՀԿ-ների ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և նրանց ներգրավումն ապահովելու նպատակով:

Նախարարի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված ստուգայցեր իրականացնելու նպատակով:

«Միաժամանակ, որպես լրացուցիչ տեղեկատվություն, իրազեկվում է, որ Բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիա և քարտեզագրություն ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող քարտեզ (կցվում է), որը հաստատում է այն փաստը, որ նապաստակի և բեզոարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658մ հեռավորության, բեզուարյան այծը` 315 մ հեռավորությա վրա):

Մինչդեռ երեկ Lragir.am-ը «Նախարարը բռնվեց» վերտառության ներքո տեղեկացրել էր, որ բնապահպան Եղիա Ներսեսյանի մոտ եղել է GPS, որով և ֆիքսվել է տարածքը, ինչպես նաև տեղադրվել է Google earth-ի քարտեզի վրա և հստակ որոշվել է բեզոարյան այծի, նապաստակի և արջի կոնկրետ գտնվելու վայրը՝ այսինքն դրա սահմաններում: