ԱՄՆ-ում լրտեսության մեջ կասկածվող հայազգի քաղաքացին ստորագրությամբ ազատ է արձակվել

12:00 • 10.10.12

Ամերիկյան Հյուսթոն քաղաքի դատարանը երեկ ստորագրությամբ ազատ է արձակել ԱՄՆ-ից Ռուսաստան ապօրինի միկրոտեխնիկա արտահանած խմբի հայազգի անդամ Լյուդմիլա Բագդիկյանին, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
 

Ադրբեջանում ծնված ԱՄՆ հայազգի քաղաքացին, ով համագործակցել է Տեխասի Arc electronics ֆիրմայի հետ, այժմ  տնային կալանքի տակ է գտնվում։
 

Եթե նա չներկայանա հաջորդ դատական նիստին, ստիպված կլինի վճարել 100.000 դոլար։
 

Միաժամանակ՝ դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց մեկ այլ անդամի ազատ արձակելու վերաբերյալ. ուկրաինական ծագում ունեցող Սվետլանա Զագոնն ազատ է արձակվել 35. 000 դոլար գրավի դիմաց։
 

Սվետլանա Զագոնի գործը դատարանը վերանայել է երկու անգամ։ Ուրբաթ օրը նրան գրավի դիմաց բաց են թողել, ապա, առանց պատճառը բացատրելու, վերադարձրել են հյուսթոնյան բանտ։
 

«Ռուս Անաստասիա Դյատլովան, ով հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակումից, ճնշված վիճակում է։ Դատարանը ուշադրություն չի դարձրել այն փաստարկներին, որ նա ԱՄՆ-ից դուրս գալու փորձ չի կատարել»,- «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին ասել է նրա փաստաբան Ալեքսեյ Տարասովը։

 

Դատախազությունը տեղեկացնում է, որ նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Չնայած՝ համաձայն գործող իրավաբանական պրակտիկայի,  Դյատլովային սպառնացող առավելագույն պատիժը, ով Ռուսաստանում տարեց մայր ունի, կարող է լինել 67 ամիսը։
 

Հիշեցնենք, որ խումբը Ռուսաստանին ապօրինի տեխնոլոգիաներ է վաճառել, ինչի պատճառով էլ անդամները լրտեսական գործունեության մեջ են մեղադրվում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն, սակայն, հայտարարել էր, որ դա զուտ քրեական ծագում ունի և կապ չունի Ռուսաստանի հետ։