Ինչու՞ ես պետք է ունենամ իմ երեխայի գերեզմանը, բայց չունենամ մահվան պատճառը. կրկին բողոքի ցույց Կառավարության շենքի առաջ

13:31 • 10.10.12

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը այսօր՝ կառավարության հերթական նիստի կապակցությամբ կրկին հավաքվել էին կառավարության շենքի առջև: «Արդեն հինգ տարի է՝ կանգնած ենք այստեղ, բայց վարչապետը ի զորու չեղավ ընկալելու, թե մենք իրենից ինչ ենք ուզում: Մենք երկու անգամ գրավոր բողոք ենք ներկայացրել, մեկը հուլիսի 26-ին, մյուսը` օգոստոսի 30-ին: Պահանջում ենք, բողոքում ենք, իսկ մեկը մեզ չի մոտենում հարցնի, թե մենք ինչ ենք ուզում, հարցը մտցնեն կառավարության նիստի օրակարգ»,- ասաց 2001 թվականին իր որդուն կորցրած տիկին Անահիտը:

 

Կանանց խոսքերով՝ գրավոր բողոքներ ուղղվել են հանրապետության նախագահին, զինվորական դատախազին, վարչապետին: Բողոք է ուղարկվել Պաշտպանության նախարարություն, այնտեղից քննչական ծառայություն, բայց ոչ մի արձագանք:

 

«Քրեական գործերի մեջ հակասությունները շատ են: Ես իմ երեխային բանակ եմ ուղարկել առանց ատամի, իսկ դատաբժիշկը գրում է, որ ատամնաշարը բնական է և ամբողջական: Ես պահանջում եմ արտաշիրիմում, իսկ Շոթա Վարդանյանը (Դատաբժշկական փորձաքննության գիտաբժշկական կենտրոնի տնօրեն) հրաժարվում է: Ինչո՞ւ… Որովհետև կեղծիքը հենց այստեղից է գալիս»,- պատմում է զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը:

 

Հարցին, թե այսքան տարի բողոքելով և կառավարության շենքի առջև կանգնելով, ի՞նչ են ուզում հասնել որդիներին կորցրած մայրերը, նրանք միաձայն պատասխանեցին. «Մենք այստեղ կանգնելով արդարության ենք ուզում հասնել, ուզում ենք, որ մեղավորները պատժվեն և իմանան, որ զինվորի ծնողները պայքարելու են մինչև վերջ: Եթե մեզ տան բոլոր հակաաությունների պատասխանները, մենք ինչո՞ւ պետք է կանգնենք այստեղ… Մենք ուզում ենք իմանալ, թե մեր երեխաները ի՞նչ են արել, որ սպանել են»,- արձագանքեցին նրանք։
 

Լուսանկարը՝ արխիվից։