ՆԱՏՕ-ն Ռուսաստանի առաջ անիրատեսական պայմաններ է դնում. Լավրով

15:49 • 10.10.12

Հյուսիսատլանտյան դաշինքը «բացարձակ անիրատեսական» պայմաններ է դնում Ռուսաստանի առաջ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) շուրջ երկխոսությունը վերսկսելու հարցում։ Ինչպես հաղորդում է rbc.ru-ն, ստեղծված վիճակին նման գնահատական է տվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


Պայմանագիրը սպառազինությունների վերահսկման խոշոր բազմակողմ պայմանավորվածություն է, որի նպատակը մարտահրավերներն ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է:

 

Նախարարը հավելել է, որ դաշինքի ներկայացուցիչները փորձում են սովորական սպառազինությունների սահմանափակման շուրջ երկխոսությունը կապել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հետ, ինչպես նաև պնդում են վերադառնալ ԵՍԶՈՒՊ-ի նման տարբերակին, որից Ռուսաստանը հրաժարվել էր ՆԱՏՕ-ի անդամ եկրների կողմից պայմանների խախտման պատճառով։

 

Պայմանագիրը ստորագրվել է 1990թ.-ի նոյեմբերի 19-ին, Փարիզում, ՆԱՏՕ-ի անդամ 16 և Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ 6 երկրների մասնակցությամբ։


ՌԴ նախագահի 2007թ.-ի հուլիսի 13-ի որոշմամբ՝ Ռուսաստանը պայմանագրի կատարման մորատորիում է սահմանել։ Առաջին հերթին այդ քայլը պատասխան էր ԱՄՆ-ի նախաձեռնությանը, որը ցանկանում է հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայել Եվրոպայում։

Մոսկվան որպես պայմանագրին վերադառնալու պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ի հրաժարվելը ՀՀՊ տարրերի տեղակայումից և կողմերի մարտական պոտենցիալի փոխհատուցումը։ Բրյուսելը, սակայն, պահանջները կատարելու հարցում չի շտապում։