Տարոն Մարգարյանի փեսան իր աշխատակիցներին վախեցնում է. Սիլվա Ադամյան

16:52 • 10.10.12

«Ավան և Քանաքեռ-Զեյթուն գազային տնտեսության» պետ Մհեր Ջանվելյանը, ով այս պաշտոնին է անցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջնորդությամբ, քանի որ նրա քրոջ ամուսինն է, իր աշխատակիցների նկատմամբ ստալինյան ռեժիմ է կիրառում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հասարակական գործիչ, բնապահպան Սիլվա Ադամյանը: 


«Այս մարդը, բառիս բուն իմաստով, կոչված է ստալինյան ռեժիմ մտցնելու և աշխատակիցներին հետապնդելու: Ես զարմացած եմ, որ մեր դարում այդպիսի մարդիկ կարող են գողական մակարդակով վախեցնել՝ պետական հիմնարկները իրենցը դարձնելով»,- ասաց նա:


Սիլվա Ադամյանը մինչև երեկ աշխատել «Հայռուսգազարդում» (շուրջ 7 տարի) Մհեր Ջանվելյանի տնօրինության ներքո՝ որպես տարածքային ծառայության հսկիչ, իսկ այսօր ասուլիս հրավիրելու պատճառը, ըստ նրա, ոչ այնքան իրեն աշխատանքից հեռացնելն էր, այլ այն վախի ու գողական մթնոլորտի առկայությունը, որ տիրում է այդ կառույցում՝ շնորհիվ Մհեր Ջանվելյանի:


Սիլվա Ադամյանը հակիրճ ներկայացրեց այն պատմությունը ինչից հետո տնօրենի կողմից իր նկատմամբ հետապնդումներ էին սկսվել։


«Մայիս 30-ին «Երևան գազ» ընկերութան տարածքային ծառայության աշխատակիցներին հավաքեց և հայտարարեց, որ 100 դոլարով պետք է կրճատի աշխատավարձը: Դրանից հետո 40 կանայք կառավարության շենքի առջև ցույց արեցին։ Նույն օրը երեկոյան Ավանի թաղապետը հավաքում է բոլոր այդ կանանց, ովքեր ՀՀԿ-ի անդամ են, և ստիպում դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին»,– պատմեց նա:


«Երբ գնացի աշխատանքի, տեսա հուզված այդ կանանց, ովքեր ստիպված գրել էին դիմումները, բացատրելով , որ վախենում են»,- ավելացրեց նախկին աշխատակիցը և շարունակեց, որ դրանից հետո արդեն Ջանվելյանի կողմից սկսվում են առանձին մարդկանց նկատմամբ հետապնդումները, որոնց անունները, հասկանալի պատճառով, չի հրապարակում: Նրա խոսքով, դիմում գրած կանանց թիվը երեքն է եղել:


Սիլվա Ադամյանը նշեց, որ այնուհետև Ջանվելյանը ժողով է հրավիրում, որի ժամանակ սպառնում է աշխատակիցներին. «Ժողովի ժամանակ ասաց. «Սա ձեզ համար Եվրոպա չի, սա Հայաստանն է, եթե դեմոկրատական արժեքներ եք ուզում՝ մեկնեք Եվրոպա»: Իսկ ես հիմա եկել եմ ասելու, որ Դուք մեկնեք, պարոն Ջանվելյան, իսկ դեմոկրատիայի կանոնները մենք պետք է թելադրենք»:


Սիլվա Ադամյանը շարունակեց, որ մի քանի անգամ էլ իրեն է կանչել և ստիպել դիմում գրել՝ պատճառաբանելով, թե իբր իր հասարակական գործունեությունը խանգարում է գազի ծառայության աշխատանքներին:

 

«Բայց եթե ես դիմում գրեի, կստացվեր, որ պարտություն եմ կրում և մինչև վերջին րոպեն ընդդիմացել եմ, մինչև որ նա զեկուցագիր գրեց և գազի ծառայության անվտանգության աշխատակիցները եկան ու ստիպեցին, որ բացատրագիր գրեմ, թե օրինակ՝ ինչու եմ իմ հարազատ աղջկա հարսանիքին պատրաստվելու համար խնդրել երեք օր աշխատանքի չներկայանալ»,- ասաց նա և նշեց, որ բացատրագիր է գրել և տեղեկացրել, որ դատի է տալու Ջանվելյանին:


Սիլվա Ադամյանը նաև ասաց, որ դիմելու է նաև նախագահին ու հարցնի, թե երբ նա միջազգային կառույցներին հավաստիացնում է, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, ինչպե՞ս է այդ եզրահանգմանը եկել, երբ նման վիճակ է տիրում:


«Ես իմ անվստահությունը կհայտնեմ նաև մեր հարգարժան քաղաքապետին, ով երևի տեղյակ է այս ամենից, որ այդ պաշտոնին իր փեսային է նշանակել, ով, ի դեպ, նույնիսկ կրթություն չունի»,– ասաց նա:


«Մեր երկրի ղեկավարը չգիտի՞, որ նման միջնորդությունները կոռուպցիայի նախադեպ է»,- ընդգծեց նա և նշեց, որ քաղաքապետն իր բարեկամներին աջակցում է գործի տեղավորվելու հարցում և հիշեցրեց, որ մյուս բարեկամին էլ պատրաստվում է «դեպուտատ դարձնել»:


Տիկին Ադամյանը հավատացնում է, որ ինքն իր աշխատանքը բարեխղճորեն է կատարել, սակայն համոզված է, որ հակառակը կներկայացնեն:

 

«Ես և ամուսինս նախապատրաստվել ենք, գիտենք, որ այս ելույթից հետո նաև ամուսնուս դեմ դուրս կգան։ Նա էլ «Երևանգազ»–ի աշխատակից է երկար տարիներ: Ջամվելյանի հանձնարարությամբ, իմ աշխատած տարածքում հնարավոր է էլի պոկեն կնիքները՝ բնակիչների հետ նախապես համաձայնության գալով, նրանց ստիպեն ասել, որ ինձ չեն տեսել և այլն»,- ասաց նա և նշեց, որ դա չի խանգարի իրեն հետամուտ լինել այս գործին մինչև վերջ:


Հնչած մեղադրանքների վերաբերյալ Ավան և Քանաքեռ-Զեյթուն գազային տնտեսության պետ Մհեր Ջանվելյանից պատասախան մեզ չհաջողվեց ստանալ: Նրա գործավարուհին ասաց, որ պարոն Ջանվելյանը տեղում չէ, իսկ բջջային հեռախոսահամարը չտրամադրեց, պատճառաբանելով, թե չունի: