Մեծ Բրիտանիան հանրաքվե կանցկացնի Եվրամիությանը հետագա անդամակցության հարցի շուրջ
Մեծ Բրիտանիայի համար եկել է ժամանակը որոշելու՝ պետք է, արդյոք, երկիրը շարունակի անդամակցել Եվրամիությանը, թե ոչ, գրում է «Դեյլի Էքսպրես»-ը՝ մեջբերելով վարչապետ Դևիդ Քեմերոնի խոսքերը։
«Համազգային հանրաքվեն առավել արդար ու պարզ միջոցն է պարզելու Լոնդոնի վերաբերմունքը Բրյուսելի նկատմամբ»,- կուսակիցների հետ հանդիպմանն ասել է կառավարության ղեկավարը։
Ըստ նրա՝ Եվրոպան փոխվում է, եվրագոտին գնում է ինտեգրման ճանապարհով։
«Կարծում եմ՝ եվրագոտու համար՝ միասնական արժույթը պահպանելու անհրաժեշտության պայմաններում, դա ճիշտ ընտրություն է»,- ասել է պահպանողական վարչապետը։
Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակում Մեծ Բրիտանիային հնարավորություն է ընձեռվում գտնել Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ու լավ որոշում։ «Խոստանում եմ, որ հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու գործընթացի ժամանակ մենք կանենք հնարավորը, որպեսզի գտնենք լուծումը»,- ասել է Քեմերոնը։
Թերթը գրում է, որ կուսակցության հեղինակության նվազման և պահպանողականների մրցակից ՝ Լեյբորիստական կուսակցության հեղինակության բարձրացման ֆոնին, կոալիցիոն կառավարության ղեկավարն առաջին անգամ է հրապարակայնորեն խոստովանել, որ բրիտանացիներն այլևս չեն ցանկանում մնալ Եվրամիությունում։










